6.10.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը մտնում է քաղաքականություն՝ «խաղի կանոնները փոխելու» հայտով

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 6-ին հայտարարել է քաղաքական դաշտ մտնելու իր որոշման մասին՝ նպատակ ունենալով վերականգնել «քայքայված քաղաքական համակարգը» և միավորել հասարակությանը։


Իրավապաշտպան գործունեությամբ հայտնի Թաթոյանը տեսաուղերձում հայտարարել է, որ ստեղծված պայմաններում միայն իրավապաշտպան աշխատանքն այլևս բավարար չէ արդյունքի հասնելու համար։


«Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության», - ասել է նա իր ուղերձում՝ շեշտելով, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի ոչ թե շարժվելու հին կանոններով, այլ փոխելու դրանք։


Թաթոյանը քննադատել է ներկայիս քաղաքական մթնոլորտը՝ նշելով, որ հասարակությանը «պարտադրում են երկու ճանապարհ», ինչը, նրա խոսքով, սերմանում է անտարբերություն և փոխադարձ ատելություն։


Որպես իր գլխավոր նպատակներ՝ նա նշել է իրավական պետության ձևավորումը, հնարավորությունների երկրի կառուցումը, որտեղ հաջողությունը կախված կլինի անհատի տաղանդից ու աշխատանքից, և հակադրություններով պառակտված հասարակության փոխարեն արդարության շուրջ միավորված հանրության ստեղծումը։


Նախկին պաշտոնյան ընդգծել է, որ սա «մեկ մարդու ճանապարհ չէ» և կոչ է արել քաղաքացիներին միանալ իրեն։ «Մենք պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի», - եզրափակել է Արման Թաթոյանը։


Նրա հայտարարությունը հնչում է Հայաստանում շարունակվող ներքաղաքական լարվածության ֆոնին։ Թաթոյանը դեռևս չի հստակեցրել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու քաղաքական գործընթացներին՝ կուսակցություն կստեղծի՞, թե՞ կմիանա այլ ուժերի։

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր