VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրավիրած խորհրդարանական լսումներն են կայանալու` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։ Լսումներին նախորդել են քաղաքական կոնսուլտացիաներ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Բայց որոշել են չկենտրոնանալ իմպիչմենտի վրա, այլ առավել լայն քննարկում ծավալել՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ելքերի վերաբերյալ։ Սակայն գլխավոր ինտրիգն այն է, թե իմպիչմենտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունեցող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կմասնակցե՞ն լսումներին: Մեզ ասացին, որ անպայման մասնակցելու են:
Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքից մի քանի անձ է մասնակցելու, իսկ նրանցից մեկը նաեւ ելույթ է ունենալու եւ նորից շարադրելու է քոչարյանականների հայտնի տեսակետը, որ իմպիչմենտը դատապարտված է ձախողման, քանի որ ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը չի պատրաստվում միանալ այդ գործընթացին, իսկ ընդդիմության ունեցած ձայները բավարար չեն: Նույն` լսումների ժամին խորհրդարանի առջեւ նախատեսվում է հանրահավաք, որը կազմակերպել է «Արթուն ենք» շարժումը: Դրա իմաստն էլ հանրային ճնշում ապահովելն է եւ ի ցույց դնելը, որ ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալու, եթե խորհրդարանի ներսում որեւէ պրոցես մեկնարկի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակում կայացվել է քաղաքական ընդդիմախոսների դեմ կոշտ պայքարի որոշում։ Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում արդեն ձեւավորվել է հատուկ PR-խումբ, որի հիմնական առաքելությունը լինելու է լրատվամիջոցների հետ համակարգված աշխատանքը՝ նպատակ ունենալով վարկաբեկել բոլոր ընդդիմախոսներին։ Ըստ աղբյուրների՝ ռազմավարությունը կառուցված է ընդդիմադիրներին «բնում ոչնչացնելու» գաղափարի շուրջ։
Հատկապես նշվում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկայում կհայտարարեն իրենց մասնակցության մասին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, անմիջապես կդառնան ՔՊ-ի թիրախը։ Տարբեր տվյալներով՝ իշխանական թիմը պատրաստվում է ներխուժել ընդդիմախոսների անձնական եւ մասնագիտական դաշտ՝ փորձելով վնասել նրանց հեղինակությունը եւ կանխել քաղաքական պայքարի ակտիվացումը։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նաեւ պնդում են, որ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ ձեւավորվել են մի քանի թիմեր, որոնք առաջիկա ամիսներին մտադիր են հրապարակային հայտարարություններով գալ ընտրական դաշտ։ Իշխանական ռազմավարության շրջանակում հենց այդ թիմերն են համարվում գլխավոր վտանգ, եւ իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի գնալ՝ նրանց քաղաքականապես չեզոքացնելու համար։ Միեւնույն ժամանակ, հակաիշխանական ճակատում գործող քաղաքական ուժերի զգալի մասը գիտակցում է սպասվող զարգացումները եւ պատրաստվում է հնարավոր ճնշումների, այդ թվում՝ քաղաքական ռեպրեսիաների, իրավական հալածանքների եւ նույնիսկ ազատազրկումների։ Չի բացառվում, որ առաջիկայում քաղաքական շրջանակներում սրացումները կթեւակոխեն առավել թեժ փուլ՝ զուգահեռաբար ընթացող գործընթացների, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու նախաձեռնության հետ մեկտեղ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում: Ի՞նչ էր անում Վալոդյա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը կեսգիշերին՝ 23:50-ի սահմաններում Ընտանիքի անդամները «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի օրը պատմեցին, որ միայն օրվա վերջում էր նա հասցնում գնալ նոր տան վերանորոգման աշխատանքներին հետեւելու, եւ այդ օրը բացառություն չէր. հաճախ էր գնում, կամ ամեն օր: Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանը սպասել է ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր՝ Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու: Բայց հնչել են դավադիր կրակոցները, ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Եվ հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը: Անձնական վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն: Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։
Oրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց եւ նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը: Իսկ ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանին ուղղված կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին, ապա նրա եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը, Մարզպետ Գալստյանն ու Սեւակ Գալստյանը եւս 7 ամիս առաջ Մերաձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։ Համայնքում լուրեր են պտտվում, որ Գրիգորյանի եւ ոստիկանի սպանության գործով արդեն իրավապահների տեսադաշտում կասկածյալ կա։ Բայց փաստ է, որ իրավապահները մինչ օրս սպանություն կատարողին չեն հայտնաբերել. փնտրում են ու փնտրում»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երեւանում։Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը: Մատենադարան է տարել, շրջել են Երեւանի փողոցներում: Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երեւանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։
«Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում եւ Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, եւ Բաքվի համար կարեւոր է, որ դրանք վերացվեն։ Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ վարչության ընտրությունները, ասում են, ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանին էլ են իջեցրել «օդերից», ինչպես մի շարք այլ ՔՊ-ականների։ Փաշինյանի աջ ձեռքը, որը նաեւ նրա թերթի, ընտանիքի ու ՔՊ-ի գանձապահն է երկար տարիներ, մինչեւ վարչության ընտրությունները թե՛ խմբակցությունում, թե՛ կուսակցությունում ամենաազդեցիկ մարդկանցից էր, «ռուլիտ էր անում» շատ ներկուսակցական, ներիշխանական պրոցեսներ, ղեկավարում էր ՔՊ-ական կանանց: Շատերը կասկած չունեին, որ Փաշինյանի շնորհիվ նա ընտրություններին բարձր ձայներ է ստանալու։ Սակայն 1000-ին մոտ պատվիրակներից նա ընդամենը 308 ձայն է ստացել եւ վարչության կազմում կարողացել է ընդգրկվել միայն կանանց քվոտայի շնորհիվ` 316 ձայն ստացած Սասուն Միքայելյանին դուրս մղելով։
ՔՊ-ում ասում են, որ նա «մանթրաժի» մեջ է, եւ դա նաեւ նշանակում է, որ Փաշինյանը բավարար հեղինակություն չունի կուսակցությունում, հազիվ իր հարցերն է կարողանում լուծել, իսկ նրա մերձավորներին անգամ մարդիկ ձայն չեն տալիս, որովհետեւ առաջնորդի կամքն այլեւս որոշիչ դեր չի խաղում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարություն է հրավիրել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցների։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, նախարարություն հրավիրված աշխատակիցները նախապես տեղեկացված չեն եղել հանդիպման նպատակից։ Այնտեղ նրանցից պահանջվել է հանձնել բջջային հեռախոսները, ժամացույցներն ու պայուսակները՝ անկախ սեռից։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հանգամանքը աշխատակիցների շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ անվտանգության նման պահանջներ կարծես թե կիրառվում են միայն բարձրագույն մակարդակի հանդիպումներում, օրինակ՝ վարչապետի մոտ ընդունելությունների ժամանակ։
Ըստ ամենայնի, նման քայլը պայմանավորված է նախարարի այն մտահոգությամբ, որ հանդիպումների ընթացքում որեւէ մեկը կարող է ձայնագրել ներքին քննարկումները կամ արտահոսք ապահովել։ Հատկանշական է, որ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը երկար ժամանակ շարունակել է գործել առանց ղեկավարի։ Մրցույթում նախարարի համար ընդունելի թեկնածուի բացակայության պատճառով հաստատությունը մինչ օրս մնում է առանց կառավարչի, ինչի պատասխանատուն առողջապահության նախարարն է»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձեւ է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։ Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք եւ հարստանանք», ներքեւի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։ Այդպիսի ցուցապաստառներ կախված են գրեթե բոլոր մարզերում: Մեզ հետաքրքրեց՝ գովազդի համար «Իմ քայլը» հիմնադրամը վճարո՞ւմ է համայնքապետարաններին։ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հարցրինք` արդյոք վճարե՞լ են գովազդի համար։ Նա նախ զարմացած հարցրեց` որտե՞ղ է փակցված, ասացինք` իր ղեկավարած քաղաքում․ տպավորություն էր, որ քաղաքապետն առաջին անգամ մեզնից է լսում այդ մասին: Լսեց ու ասաց` գրավոր ուղարկեք հարցերը։