Հայաստանի Սահմանադրությունը և իրավակարգը ատելի են մեր ժողովրդի համար. Փաշինյան
ՀՀ-ում դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ընդհանրապես կտրված է ժողովրդից, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նոր Սահմանադրության համատեքստում որոշակի փոփոխություններ ու առաջարկներ են գեներացվում, որոնք այդ խնդիրը լրջորեն պետք է լուծեն։
«Քանի դեռ մենք այս հարցը չենք լուծել, ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու։ 2018 թվականի հեղափոխությունից հետո այն փաստից, որ իշխանությունը հայտարարել է՝ ես գործ չունեմ դատական համակարգի հետ, Հայաստանում և Հայաստանի տարածքից դուրս բազմաթիվ ձեռքեր շփվել են։ Ասել են՝ էս ինչ լավ է, Հայաստանի իշխանությունն ասել է՝ ես գործ չունեմ դատական համակարգի հետ, հիմա մենք գործ ունենք դատական համակարգի հետ։
Եվ ես ասում եմ՝ այո՛, բազմաթիվ որոշումներ թելադրվել են տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ Հայաստանից դուրս գտնվող։ Դա մեր պատկերացրած հիբրիդային պայքարի մեթոդներից մեկն է։ Եվ էն ռեֆորմը, որը պետք է անենք, նոր Սահմանադրության ընդունումն է, որը, ի դեպ, օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի եւ իրավակարգի միջև։ 1995 թվականից սկսած՝ ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել և Սահմանադրության օգտին չի քվեարկել։
Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում։ Այսօրվա Հայաստանի Սահմանադրությունը և իրավակարգը նույնքան ատելի են մեր ժողովրդի համար, ինչքան ատելի են եղել նախկիններում։ Այն ժամանակ էլ, հիմա էլ ժողովուրդը համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը»,- նշեց նա։