«Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք». Անդրանիկ Քոչարյան
Լուսանկարը` hetq.am
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Կովկասում խաղաղության հաստատման գործում առանցքային դերակատարում ունի։
Երևանում մեկնարկած Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ասոցացված անդամի լիազորությունները Հայաստանի համար անցյալ տարվանից ընդլայնվել են, ինչը թույլ է տալիս ավելի ակտիվ մասնակցել քննարկումներին և ստանալ պատասխաններ հուզող հարցերի վերաբերյալ։
Քոչարյանի խոսքով՝ Երևանում սեմինար անցկացնելու որոշումը կայացվել է Կովկասին վերաբերող օրակարգը հայկական հարթակ բերելու և ՆԱՏՕ-ի անդամ ու ոչ անդամ պետությունների հետ քննարկելու նպատակով։ Նա ընդգծել է, որ այս ձևաչափը կարող է շատ օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հասնելու և Հայաստանի նպատակներն իրականացնելու համար։
Անդրանիկ Քոչարյանն առանձնացրել է նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները, որոնք, ըստ նրա, ուղղված են գլոբալ խաղաղ կարգավորման հասնելուն։ «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք։ Պետք է կառուցենք խաղաղության մեր պատկերացումները կոնկրետ փաստաթղթերի շրջանակում, որն արդեն սկսված է Վաշինգտոնում», - հայտարարել է նա՝ շեշտելով դիվանագիտական ջանքերի և երկխոսության կարևորությունը։