8.09.2025
Լուսանկարը` armardiao.am
prev Նախորդ նորություն

Հայաստանն Իրանին կինոարտադրության համար 40% քեշբեք է առաջարկել

Լուսանկարը` ԿԳՍՄՆ
Լուսանկարը` ԿԳՍՄՆ

2025 թվականի սեպտեմբերի 8-ին Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր իրանցի գործընկեր Աբբաս Սալեհի Օմիդիին ներկայացրել է մշակութային կապերի ընդլայնման կոնկրետ առաջարկներ։ Դրանցից առանցքայինը կինոոլորտին էր վերաբերում. Հայաստանը պատրաստ է վերադարձնել մինչև 40% ներդրումները՝ համատեղ կինոարտադրության դեպքում։ Կողմերը քննարկել են նաև մշակույթի օրեր անցկացնելու և գրական ոլորտում համագործակցության խորացման հարցեր։


Հայաստանը և Իրանը մտադիր են մշակութային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել։ Այս հարցը կենտրոնական էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդիի հանդիպմանը, որը տեղի է ունեցել այսօր Իրանում՝ հայկական պատվիրակության այցի շրջանակում։ Երկխոսության մթնոլորտը պայմանավորված էր վերջերս Պերսեպոլիսի պատմական համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նշանակալի համերգով, որը Ժաննա Անդրեասյանը բնորոշեց որպես երկու երկրների մշակութային բարեկամության խորհրդանշական իրադարձություն։


Կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել կինոարտադրությանը։ Ընդգծվել է «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաջող համագործակցության շարունակության կարևորությունը։ Հայկական կողմն առաջարկել է անցնել նոր փուլի՝ ներառյալ ֆիլմերի փոխանակում և համատեղ արտադրություն։ Որպես սրա հզոր խթան՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ նոր օրենքը, որը թույլ է տալիս օտարերկրյա գործընկերներին ստանալ Հայաստանի տարածքում կինոարտադրության մեջ ներդրված միջոցների մինչև 40%-ի վերադարձ։


Բացի կինոյից, քննարկվել է Իրանում Հայաստանի մշակույթի օրեր և Հայաստանում Իրանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։ Նախարարները բարձր են գնահատել նաև գրավոր ժառանգության ոլորտում համագործակցությունը՝ նշելով Մատենադարանի և իրանական ձեռագրերի ուսումնասիրության կենտրոնների միջև արդյունավետ աշխատանքը, և պայմանավորվել են նպաստել դասական ու ժամանակակից գրականության փոխադարձ թարգմանությանը և տարածմանը։ Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանն Իրանի մշակույթի նախարարին հրավիրել է Հայաստան՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու և նախանշված ծրագրերն իրագործելու համար։

Լուսանկարը` concourt.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան