Գերիների մեկուսացումը Բաքվում. ԱԳՆ-ն մեկնաբանել է Կարմիր խաչի հեռանալուց հետո իրավիճակը
Լուսանկարը` armardiao.am
Ի պատասխան NEWS.am-ի հարցման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության դադարեցումից հետո հայ գերիների՝ լիակատար մեկուսացման մեջ հայտնվելու իրավիճակը։
ԱԳՆ-ից վստահեցրել են, որ հարցը մշտապես բարձրացվում է միջազգային հարթակներում և հայտնել, որ իրենց տեղեկություններով՝ Կարմիր խաչը մտադիր է «շարունակել համագործակցել» Բաքվի հետ։ Ըստ գերատեսչության՝ հումանիտար խնդիրների լուծումն ավելի արդյունավետ կդառնա խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Ադրբեջանում պահվող հայ գերիները մնացել են առանց արտաքին աշխարհի հետ կապի այն բանից հետո, երբ սեպտեմբերին երկրի իշխանությունների պահանջով իր գործունեությունը դադարեցրեց ԿԽՄԿ-ն՝ միակ միջազգային կառույցը, որը նրանց տեսակցելու հնարավորություն ուներ։ Ելնելով այս հանգամանքից, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում գերիների վերադարձի մասին կետի բացակայությունից՝ NEWS.am-ը պարզաբանումների համար դիմել էր ՀՀ ԱԳՆ։
Իր պատասխանում, որը լրատվամիջոցը բնութագրել է որպես «ոչ կոնկրետ և ընդհանուր», արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ անօրինական պահվող անձանց խնդիրը գտնվում է ուշադրության կենտրոնում և պարբերաբար բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ հանդիպումներում։ Ըստ ԱԳՆ-ի՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում վերջիններս նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց աջակցելու համար։
Միևնույն ժամանակ, նախարարությունում համոզմունք են հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար հարցերն առավել արդյունավետ լուծելու համար։
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց ճակատագիրն ու առողջական վիճակը հունիսից ի վեր ԿԽՄԿ-ի այցելությունների դադարեցումից հետո մնում են անհայտ։