23.11.2024
Արզաքանցյան. Պետք է ավելի ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ
prev Նախորդ նորություն

«Իգլա»-ն, Սամվել Բաբայանը և Արցախը. Ի՞նչ է կատարվում ԼՂ հակամարտության շուրջ

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավում քննարկումների ու երբեմն էլ շահարկումների կենտրոնական թեման տարբեր «ռակուսրներից» դառնում է ԼՂ հակամարտությունը: Ընտրապայքարին մասնակից ուժերից մեկը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր «Խաղաղության ծրագրով», որի էությունն է տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի կամ որ նույնն է՝ խաղաղության (իսկ ավելի ստույգ՝ չկրակելու) դիմաց բանաձեւը, առաջինը դրեց այս թեման շրջանառության մեջ: Հաշվի առնելով հարկապես այն, որ ապրիլայն պատերազմի վերքը դեռ արնահոսում է, թեմայի շուրջ էմոցիոնալ ֆոնն ինքնին ձեւավորվեց: Այն այժմ նախընտրական ամենաթեժ քննարկումների «թոփ»-ում է:


Թեպետ հայկական քաղաքական իրականության համար սա նորույթ չէ, սակայն ամեն անգամ թեմայի շուրջ շիկացած կրքերի պակաս չի զգացվում: Բավական է հիշել 2008 թ-ի նախագահական ընտրությունները, երբ քննարկումների գլխավոր թեմաներից էր հենց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին սպասվող սպառնալինքները: Այն ժամանակ եւս այս թեմայի շուրջ հանրային ընկալումների ձեւավորման գլխավոր գեներատորը նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդ Լևոն-Տեր Պետրոսյանն էր:


«Իգլան», Սամվել Բաբայանը և Արցախը


Այս անգամ քննարկումների հանրային ընկալումների կամ մեկնաբանություների տեսակետից հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ «տարածքներ չկրակելու դիմաց» բանաձևին կողմնակիցների և հակառակվողների: Իսկ եթե ավելի կենցաղային բառապաշարով ասենք, ապա «հող հանձնողների» եւ այդ սցենարին ընդդիմացողների: Այնուամենայնիվ, այն ինչ կատարվում է Հայաստանում այժմ, կարծես թե, կապվում է հենց ԼՂ հակամարտության կարգավորման սցենարների հետ: Անգամ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի համակիր կամ ստվերային համակարգող Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապվում է արցախյան հակամարտությունում հնարավոր փոխզիջումների հետ: Հատկանշական է, որ Սամվել Բաբայանի ձերբակալության տեղեկատվական ֆոնը, կարծես, պատրաստվում էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Տարբեր լրատվամիջոցներ հայտնում էին, որ նա պատրաստում է «Սասնա ծռեր-2» գործողություն, այն է՝ զինված ապստամբության:


Հատկանշական է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը, Վրաստանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համարագեր տեղափոխպելու փաստի առթիվ, տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի «Հ-1»-ին տված հայտնի եւ աղմկահարույց հարցազրույցից հետո:


ՀԱԿ առաջնորդն այդ հարցազրույցում նշում է, որ այժմ խնդրի կարգավորումը մտնում է վճռական փուլ, քանի որ իրավիճակ է փոխվել, ուստի Հայաստանը պետք է օր առաջ համաձայնությունը տա խաղաղության պլանին: «Ռուսաստանը դառնում է առանցքային խաղացող հետխորհրդային տարածաշրջանում: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ընդունում են ՌԴ-ի այս դերը: Բացի այդ, ՌԴ-ն ներքաշված է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բարդ գործընթացներում: Իրավիճակը Սիրայում ԼՂ հակամարտությունը դրել է Մոսկվայի թիկունքում: Ուստի Մոսկվան չի հանդուրժելու, որ իր ռազմաճակատի թիկունքում իրավիճակը մնա պայթյունավտանգ: Ուստի կարծում եմ կարգավորումը շատ մոտ է եւ հիմնական դերակատարությունն ունենալու է Ռուսաստանը: Եթե ՌԴ-ը կարգավորի այս խնդիրը, ԱՄՆ եւ Եվրամիությունը պետք է շնորհակալ լինեն Մոսկվային», - ասաց առաջին նախագահը:


Բաբայանի ձերբակալությունը, եթե ՕՐՕ դաշինքի առաջնորդներն իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ որակում են, որպես քաղաքական հետապնդում, ապա նրանց համակիր «Ազատամարտիկների դաշինքի խորհրդն» այն դիտարկում հենց է արցախյան հակամարտության համատեքստում:


«Վերլուծելով վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական զարգացումները՝ հանգում ենք այն եզրակացության, որ գործող վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական նախաձեռնությամբ կամ պարտադրված, պատրաստվում է գնալ Արցախի հարցում վտանգավոր զիջումների: Հետևաբար, հերթական համապետական ընտրությունների կեղծումը արդարացնելու և ինչ-ինչ երաշխիքներ կորզելու նպատակով դիմում է ցանկացած քայլի, որպեսզի աշխարհաքաղաքական կենտրոններին փորձի համոզել, որ որևէ փաստաթղթի ստորագրումը հղի է իր համար անկանխատեսելի հետևանքներով:


Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի դեմ ակնհայտ ապօրինի գործ սարքելը պետք է դիտարկել հենց այս համատեքստում», - ասված է նրանց հայտարարության մեջ, որն ի դեպ տարածվել է ՕՐՕ դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի Facebook-ի պաշտոնական էջով:


Հատկանաշական է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից ոչ միայն դեռ չեն հաստատում իրենց տարածքով «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու լուրը, այլեւ նշում են, որ չեն գտնում այդ զինատեսակի մաքսանենգության ապացույցներ:


Համաձայն է, թե չէ Օահնյանը Բաբայանի գործի արցախյան համատեքստի առկայության հետ՝ դժվար է միանշանակ ասել, սակայն իր էջի միջոցով հայտարարության տարածման փաստը կարելի է դիտարկել, որ նա գոնե չի մերժում վերոնշյալ սցենարի հնարավորությունը: Ով-ով, բայց Սեյրան Օհանյանը, տարիներ շարունակ լինելով Հայաստանի ռազմաքաղաքական էլիտայի ամենբարձր պատասխանտուներից մեկը, լավ պետք է իմանա նման սցենարների առկայության հնարավորության կամ անհնարինության մասին: Ամեն դեպքում Մադրիդյան սկզբունքները, որոնց համավանություն են տվել ՀՀ իշխանությունները եւ որոնց շուրջ բանակցում են Բաքվի հետ, նոր չէ, որ գրվել են, իսկ Օհանյանը բոլորովին վերջերս է դուրս եկել իշխանական կոգորտայից: Ուստի նա ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված ներիշխանական վերադասավորումների ամենալավ գիտակներից է:


Սեյրան Օհանյանը զգուշացվել էր


Մյուս կողմից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վտանգավոր սցենարների մասին նա զգուշացվել էր դեռ անցյալ տարվա կեսերին: Նրան նամակով զգուշացրել էր «զինված հանցավոր» խմբի գործով կալանքի տակ գտնվող, իր զինակից եւ վաղեմի համախոհ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նամակն այնուհետեւ տպագրվեց մամուլում:


Նամակում Շիրխանյանն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին: Շիրխանյանը զգուշացրել է, թե այդ դեպքում ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Նա մասնավորապես զգուշացնում է. «1.Զինուժի դուրս բերմանը եւ հողերի հանձնմանը հետեւելու է Արցախի հայաթափումը եւ դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել: 2.Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սեւանի ավազանը՝ բազմապատկելով արտագաղթը Հայաստանից: 3.Հայությունը եւ Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլեւ զարգացման հեռանկարները: 4.Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանությունը, չէ՞ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններից: 5.Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանությունը»:


Թերեւս դժվար է միանշանակ պնդել այս փաստերի ճշմարտացիության կամ դրանց տրամաբանական հստակ շաղկապվածության մասին: Սակայն համադրումները հանգեցնում են այս տրամաբանական շղթային: Նշված հանգամանքների վերաբերյալ մեկ այլ «կոռելյացիա» է հիշեցնում քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսացության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը:


«1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ -ում տեղի ունեցած քաղաքական սպանություններից հետո երկպառակտված իշխանության թևերից մեղադրանքներ ու կասկածներ էին շրջանառության մեջ դրվում հետևյալ անձանց մասով: Մինչ (սպանված Վազգեն Սարգսյանի – խմբ.) Արամ Սարգսյանի թևը մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին՝ այն կազմակերպելու մեջ, քոչարյանական թևն ակնարկում էր Վահան Շիրխանյանին, ով ձերբակալված է Նորք-Մարաշի զինված խմբի գործով: Ինքը՝ քիլլեր Նաիրի Հունանյանը աջակցության համար զանգահարել էր Սամվել Բաբայանին, ով Իգլայի գործով երեկ ձերբակալվեց… Նաիրի Հունանյանը տվել էր նաև Ժիրայր Սեֆիլյանի անունը, ով ձերբակալվեց անցած տարի...», - նշում է Ստյոպա Սաֆարյանը:


Բոլոր շերտերը պարզ չեն


Հ. Գ. ԱԺ պատգամավոր, նույն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Հրանտ Բագրատյանը հիշեցնում է, որ արդեն երրորդ համապետական քաղաքական իրադարձությունն է, որի նախաշեմին ինչ-որ բան է կատարվում, որի բոլոր շերտերը պարզ չեն. «Առաջին, նախագահի թեկնածուներից Պարույր Հայրիկյանի վրա կրակոց 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ և վերջինիցս էր կախված՝ ընտրությունները տեղի կունենան, թե կհետաձգվեն: Երկրորդ, 2016-ի սահմանադրական փոփոխություններից առաջ Մարաշի վնասազերծված խումբը, որը ըստ պաշտոնական վարկածի պլանավորում էր ահաբեկչական ակտեր կազմակերպել ու որքան հասկանում եմ կանգնեցնել սահմանադրական հանրաքվեն: Երրորդ, Սամվել Բաբայանի ձերբակալությունն ու «Իգլայի» պատմությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մամուլ գցված տեղեկության խորապատկերին, թե այն պատրաստվում էր հետընտրական զարգացումներ իրականացնել «Սասնա Ծռեր-2» սցենարով»:


Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի շուրջ ծավալվող բարդ ռեգիոնալ ռազմա-քաղաքական հավասարման մեջ շատ անհայտներ կան: Սակայն աչքի է զարնում նաեւ այն հանգամանքը, որ կետային մոտեցմամբ եւ գրեթե ոսկերչական ճշգրտությամբ չեզոքացվում են գործիչներ, ովքեր ունեն կարծր ու անգամ արմատական մոտեցումներ արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Թեպետ ԼՂ խնդրի վերբերյալ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որ կարող են հստակ մտքեր արտահայտել թեմայի շուրջ և տեղեկատվությանը տիրապետել, սակայն արդեն իսկ փաստ է, որ արցախյան հակամարտությունը դարձել է նախընտրական բուռն կրքերի կենտրոնական թեման՝ իր ներքաղաքական հետեւանքներով:


Պատրաստեց Արշալույս Մղդեսյանը