ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը վերադառնում է քաղաքականություն: Արզաքանցյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Գեղարքունիքի մարզում և վստահ է իր հաղթանակի մեջ, քանզի մարզն ու մարդիկ իրեն ճանաչելու խնդիր չունեն` անցած տարիների ընթացքում էլ կապը նրանց հետ մշտապես պահել է: Իսկ օրենսդիրում տասնամյա գործունեության փորձը, ասում է նա, շարունակություն է ուզում:
VERELQ-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ ձեռնունայն չի վերադառնում, այլ լուրջ ծրագրեր ունի, որոնք կյանքի կոչելով` մարզում նվազագույնը նոր աշխատատեղեր կստեղծվեն, իսկ առավելագույն իր նպատակն է, որ արտագաղթի տեմպերը նվազեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է համատեղելու իր օրենսդիր գործունեությունը գործարարության հետ, քանզի և’ Հայաստանում, և’ արտերկրում բիզնես ունի հավաստիացրեց, որ դա իրեն չի խանգարի, քանզի հզոր թիմ ու որակյալ մասնագետներ` ի դեմս Օքսֆորդի համալսարանն ավարտած որդու: Այնպես որ մինչ Նոյ Արզաքանցյանը կղեկավարի իր բիզնեսները, նա ամբողջությամբ կնվիրվի օրենսդիր գործունեությանը:
– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր, որ առաջնային լուծման կարիք ունեն և կարո՞ղ ենք ասել, որ հենց խնդիրներն են Ձեզ ստիպել վերադառնալ:
– Ամենամեծ խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է: 1997 թվականից ու մինչ օրս Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծել եմ 500-ից ավելի աշխատատեղեր: Իմ առաջ խնդիր եմ դրել աշխատատեղեր ստեղծել նաեւ իմ հայրենի օրրանում՝ Գեղարքունիքի մարզում: Արտաշատում գործող սպիրտի վերամշակման գործարանը մտադիր եմ տեղափոխել Գավառ, օգտագործել տեղական հումքը՝ ցորենը վերամշակել եւ արտադրել օղի, որը կսպառվի եւ մեր երկրում, եւ արտերկրում: Գավառի, Մարտունու, Վարդենիսի քաղաքապետերի հետ պայմանավորվածություն կա հողեր տրամադրել գյուղացիներին, զարգացնել ցորենի արտադրությունը: Այդ նպատակով պատրաստ եմ նաեւ 25-30 տոկոս կանխավճար տրամադրել սերմացու ձեռք բերելու համար: Հետագայում մտադիր եմ ընդլայնել արտադրությունը, օգտագործելով տեղական հումքը՝ չիչխան, մասուր, ուրց, արտադրել բարձրորակ հյութեր: Այս նպատակով մանկավարժների հետ հանդիպման ժամանակ առաջարկել եմ օգտագործել աշակերտների ուժերը, ամառային արձակուրդների ժամանակ նրանք նույնպես կարող են հավաքել բնության այդ պարգեւները եւ վարձատրվել դրա դիմաց: Իսկ սպառման շուկան ես կարող եմ ապահովել մոտ 22 երկրներում: Ես համոզված եմ, որ մեզ այս գործում կաջակցի ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, որը հովանավորում եւ զարկ է տալիս արդյունավետ բիզնես-ծրագրերին:
– Մտավախություն չունե՞ք, որ մարդիկ Ձեր ետևից չեն գնա, քանի որ Դուք ՀՀԿ-ական եք, նրանք հասցրել են հիասթափվել իշխանություններից` խոստումները չկատարելու պատճառով:
– Ամբողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկրի զարգացման վրա: Լինելով պատերազմող երկիր, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստիպված ենք մեր բոլոր ուժերը կենտրոնացնել երկրի պաշտպանության համար: Հեշտ չէ այս պայմաններում զարգացնել տնտեսությունը, զրկված երկաթուղիներից, ծովային ճանապարհներից՝ տասնապատիկ ավելանում են տրանսպորտային ծախսերը: Եթե մեր մուսուլման հարեւանները չփակեին մեր սահմանը, նույնիսկ Եվրոպայից էժան գնով կարող էինք ապրանքներ ներկրել Հայաստան: Այս տեսակետից շատ խորիմաստ է ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»:
–Ժողովրդի վիճակը շատ ծանր է…
– Ես բացատրեցի դրա հիմնական պատճառը: Այսօր ճգնաժամից ցնցված են աշխարհի գերտերությունները՝ իրենց հսկայական ռեսուրսներով: Եվ վերջապես՝ ոչ մի երկրում ժողովուրդը գոհ չէ կառավարող իշխանություններից: Նամանավանդ ճգնաժամի պայմաններում: Նույնիսկ ՌԴ-ի նման հզոր երկրի ծայրամասերում մեծ դժվարությամբ են մարդիկ իրենց հացը վաստակում:
–Պարոն Արզաքանցյան, որպես գործարար` ճի՞շտ էր արդյոք Հայաստանի որոշումը անդամակցել ԵԱՏՄ-ին, թե, ինչպես նշում են Ձեր օպոնենտները, ԵՄ հետ ապագան ավելի վարդագույն երանգներով կլիներ:
– Մի՞թե պատմության դասերը բավարար չէին հասկանալու, որ Եվրոպան մեզ համար ամենաճակատագրական պահերին թիկունք է դարձրել: Ես գտնում եմ, որ ընդհակառակը՝ պետք է ավելի ամրապնդել կապերը մեր հյուսիսային հարեւան Ռուսաստանի հետ: Հասնել նրան, որ ավելի մեծանան Ռուսաստանից կատարվող ներդրումների ծավալները: Մենք էլ մեր հերթին մեր արտադրանքը պետք է արտահանենք ռուսական շուկա:
– Ըստ մամուլի` նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է Ձեզ համոզել, որ վերադառնաք քաղաքականություն, քանի որ Ձեր ընտրատարածքում ՀՀԿ-ի դիրքերը ամուր չէին:
–Հավաստիացնում եմ, որ նախագահն ինձ համոզելով չի բերել: Իմ հարազատ կուսակցությունն է առաջարկել, եւ ես ուրախությամբ ընդունել եմ առաջարկը՝ հպարտ այդ վստահության համար: Խնդրանքս է` տպագրել միայն ճշտված տեղեկություններ, ես չեմ կարող հաշտվել սուտ լրատվության հետ:
– Ինչպես և ամենուր, Գեղարքունիքում ևս սպասվում է լարված պայքար ՀՀԿ-ականների միջև...
– Մեր մարզում նախընտրական աշխատանքները շատ ճկուն ձեւով համակարգում է մարզպետը և որևէ լարվածություն չկա: Հույս ունեմ, որ չի էլ լինելու, իսկ ով փորձի լարվածություն ստեղծել` կստանա իր համարժեք պատիժը:
– Պարոն Արզաքանցյան, հայտնի է, որ Դուք նաեւ բարեգործական ծրագրեր եք իրականացնում: Հիմնադրամը դեռ գործո՞ւմ է:
– Անշուշտ: Իմ պատգամավոր լինել կամ չլինելը հիմնադրամի գործունեության հետ որևէ կապ չունի: Շուրջ 15 տարի գործում է բարեգործական «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը, որը շարունակել է ծրագրեր իրականացնել նաև այն ժամանակ, երբ ես պատգամավոր չէի: Ի դեպ, որևէ կապ չկա իմ պատգամավոր լինելու և բարեգործությամբ զբաղվելու մեջ` դա ապաքաղաքական գործունեություն է, իմ անձնական նախաձեռնությունն ու ցանկությունը: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, հիմնադրամը ղեկավարում է մայրս՝ մշտապես խորհրդակցելով ինձ հետ: Օգնում ենք ուսումնական հաստատություններին, բազմազավակ ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին, իրականացնում մշակութային միջոցառումներ: Շուտով կգործի «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքը, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ մեր կողմից 15 տարվա ընթացքում կատարված եւ կատարվելիք աշխատանքներին:
– Ո՞րն է ամենակարեւոր ծրագիրը, որն իրականացրել է հիմնադրամը:
– Բոլորն էլ ինձ համար շատ կարեւոր են, սակայն ես առանձնապես հաճույք եմ ստանում Գիտելիքի օրվան ընդառաջ` յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ին Գավառի եւ հարակից 17 համայնքների առաջին դասարանցիներին «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրել պայուսակներ եւ գրենական պիտույքներ: Ակցիան իրականացնում է մայրս, շատ հաճախ ես մեծ հաճույքով ուղեկցում եմ նրան: Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ 2014 թվականին որդիս` Նոյը, սեփական միջոցներով վերանորոգեց եւ կահավորեց Գավառի հատուկ դպրոցի դասասենյակներից մեկը` երեխաների առօրյան ավելի պայծառ ու արդյունավետ դարձնելով: Ես շատ կարեւորում եմ նաեւ հիմնադրամի կողմից 2008 թվականին հայոց բանակին ուղղված ծրագիրը, որի շրջանակներում 15 միլիոն դոլար փոխանցվեց բանակի կարիքները հոգալու համար: Բանակն է մեր պետության եւ պետականության երաշխավորը: Դա եւս մեկ անգամ ապացուցվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Ունենալով հզոր բանակ եւ զարգացած տնտեսություն՝ մենք կստիպենք ամբողջ աշխարհին հաշվի նստել մեզ հետ:
Զրուցեց Լիա Խոջոյանը