23.11.2024
ՀՀԿ ծրագրում չկա պոպուլիզմ. այնտեղ բացթողումների ու ձեռքբերումների վրա հիմնված ռեալիզմ է
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս են լուծելու ընտրապայքարին մասնակից ուժերն անվտանգության եւ բանակի խնդիրները

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ՀՀ բանակի ու ընդհանրապես անվտանգության հարցերի լուծման տարբեր մոտեցումներ են առաջարկում: Միեւնույն ժամանակ, անվտանգության խնդրիների լուծման գործում գրեթե բոլորի առաջարկած ուղիները խաչվում են մեկ կետում. այն է՝ Հայաստանը պետք է ձեւավորի հզոր տնտեսություն, որից եւ սնուցվելու է բանակը:


Ընտրապայքարին մասնակից ուժերից միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է, որ այլ ճանապարհ է մատնացույց անում, ընդունել և առաջ տանել բանակցային սեղանին առկա լուծման տարբերակներն ու արագ լուծել արցախյան հիմնախնդիրը, որից հետո միայն հնարավոր կլինի զարգացնել տնտեսությունը եւ արդյունավետ եղանակով իրականացնել Հայաստանի պաշտպանության համակարգի զարգացումը:


«Ընտրություններից առաջ և որսից հետո ամենաշատը ցանկություններ ու կենացներ են հնչում: Ո՞ւմ հաճելի չէ կրկնապատկել, հզորացնել հայկական բանակը, ունենալ հարձակվողական սպառազինություն, զենքի արտադրություն: Խոսել զենքի արտադրության մասին մի երկրում, որի գիտության ծախսերը 0.25 տոկոս են` 12 մլրդ դրամ: Այժմ Հայաստանին եւ Ադրբեջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան, առաջարկել են ԼՂ հակամարտության լուծման տարբերակ (խոսքը Մադրիդյան սկզբոունքների մասին է - խմբ.), որի մասին տեղյակ են շատերը: Հիմա Հայաստանի իշխանությունները եւ ընտրապայքարին մասնակից ուժերը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն այս հարցի վերաբերյալ», - ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


«Նախընտրական խոստումներից՝ իրականություն. անվտանգության, բանակի խնդիրներ եւ կոռուպցիա» թեմայի վերաբերյալ մենք ճշտեցինք ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արթուր Եղիազարյանի եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Ենգիբարյանի մոտեցումները:


Քննարկման մյուս մասնակիցները հակադարձեցին Արամ Մանուկյանին՝ հիմնականում մատնանշելով, որ անգամ Մադրիդյան սկզբունքներով նախատեսված հակամարտության գոտում որոշակի տարածքային զիջումներից հետո խաղաղապահների տեղակայումն իրենց վստահություն չի ներշնչում, որ Բաքուն չի գնա նոր ագրեսիայի: «Այս կերպ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրները չեն լուծվում, այլ ավելի են խորանում: Ոչ մի միջազգային երաշխիք չի կարող էական նշանակություն ունենալ, ինչպես չունեցավ նշանակություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորման վերաբերյալ ստորագրած Բուդապեշտի հուշադիրը: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:


Նրա խոսքով, «Ազատ դեմոկրատներն» առաջարկում են այլ տարբերակ: «Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն դեմ ենք ԼՂ հակամարտության առաջարկված լուծման եղանակին: Ուստի մենք գալիս ենք այն փոխելու: Իսկ փոխելու ամենաճիշտ եղանակն է երկրիը հզորացնել եւ բանակն ուժեղացնել, ինչպես նաեւ վերականագնել Ադրբեջանի հետ սպառազինությունների պարիտետը, եւ Ռուսաստանից բացի անվտանգության ապահովման հարցում այլ գործընկերներ փնտրել ի դեմս ՆԱՏՕ-ի», - ասաց Սաֆարյանը:


«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը եւս համամիտ չէ ԼՂ հակամարտության հարցում խոսել փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


«Այժմ բանակցային սեղանի շուրջ Հայաստանը մենակ է: Ուստի մենք պետք է զարգացնենք մեր պաշտպանության համակարգը եւ հզորացնենք բանակը: Մենք նաեւ առաջարկում ենք սահմանին տեղակայել պայմանագրային պրոֆսիոնալ զինծառայողների: Սրա համար, ըստ մեր հաշվարկների, ՊՆ բյուջեն պետք է ավելացվի 200 մլն դոլարով: Այդ փողերը Հայաստանում հնարավոր է գտնել, օրինակ՝ ստվերային տնտեսության անգամ մի փոքր մասը հարկելու միջոցով», - ասաց նա:


Արթուր Եղիազարյանի խոսքից էլ պարզ դարձավ, որ անվտանգության խնդիրների լուծման առումով ՀՅԴ-ի մոտեցումները համընկնում են ԵԼՔ դաշինքի առաջարկներին: Միեւնույն ժամանակ Եղիազարյանը, ով նախկինում երկար տարիներ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, նշեց, որ այս փուլում սխալ է համարում ամբողջությամբ պրոֆեսիոնալ եւ պայմանագրային բանակի անցնելու առաջարկը:


«Պայմանագրայիններ պետք է լինեն բանակում, սակայն ԼՂ հակամարտությամբ եւ անվտանգության սպառնալիքներով պայմանավորված Հայաստանը համընդհանոր զորակոչից չի կարող հրաժարվել: Միեւնույն ժամանակ մենք առաջարկում ենք ընդլայնել պրոֆեսիոնալ եւ հատուկ խնդիրներ իրականացնող զորամիավորումների քանակը զինված ուժերում: Իսկ Ադրբեջանից բխող սպառնալիքները հիմնականում չեզոքացնել կանխարգելիչ եւ նախաձեռնողական գործողությունների միջոցով», - ասաց Եղիազարյանը:


Բոլոր բանախոսները նաեւ համակարծիք էին, որ պետք է անողոք պայքար մղել բանակում առկա կոռուպցիայի դեմ: Այս իմաստով քննարկման առարկա դարձավ վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակում դիզվառելիքին կերոսին խառնելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը: Հատկանշական է, որ Պաշտպանության նախարարությունից վերջերս պաշտոնապես հերքել էին, հայտարարելով, որ դիզվառելիքին կերոսին խառնված չէ, որ իրենք պետական գնումներով բարձրորակ վառելիք են ձեռք բերում:


«Վարչապետի հայտարարությունը հանցագործության մասին հստակ հաղորդում է, որով պետք է զբաղվեն իրավապահները», - հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը: Մեկնաբանելով նույն խնդրի վերաբերյալ ՊՆ-ի հերքում՝ Սաֆարյանը նկատեց. «Եթե վարչապետը ճիշտ տեղեկատվություն չի տալիս, ապա թող վարչապետին ազատեն` ապատեղեկատվություն տալու համար: Հակառակ պարագայում գործ հարուցեն բանակում չարաշահումներ թույլ տված անձանց դեմ», - եզրափակեց նա:


Կողմ լինելով բանակում կոռուպցիայի դեմ պայքարին՝ Արամ Մանուկյանն այլ եղանակ է առաջարկում: «Ամենակոռումպացված պետությունները հիմնականում հակամարտություններ ունեցող երկրներն են: Ուստի մեր կարծիքով մինչեւ ԼՂ հակամարտությունը չկարգավորվի, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար հնարավոր չէ տանել», - ասաց նա: