Նախընտրական քարոզարշավի ընթացքի, ընտրություններին ակնկալիքների ու հանրության սպասումների շուրջ VERELQ-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող առաջին կին թեկնածու Արփինե Հովհաննիսյանի հետ:
-Տիկին Հովհաննիսյան, նախընտրական քարոզչության առաջին շաբաթն ավարտվեց, ինչպիսի՞ն են զգացողությունները:
-Նախորդ մեկ շաբաթը գերհագեցած էր: Ինձ համար նախընտրական քարոզարշավը կարևորվում է ոչ թե որպես ընտրական գործընթացի մի մաս, այլ ես այն դիտում եմ որպես ևս մեկ հնարավորություն՝ մեր քաղաքացիների հետ երկխոսելու, նրանց խնդիրների մասին իրենցից լսելու, նրանց մեր ծրագրերը ներկայացնելու և իրենց բարձրաձայնած խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քարոզարշավն ինձ համար շատ տպավորիչ է, քանի որ այս ընթացքում ևս մեկ անգամ համոզվում եմ՝ որքան ներուժ ու պայծառ երիտասարդություն ունենք այսօր:
-Հանրապետական կուսակցությունը իսկապես գնում է հաղթանակի, թե, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքները, զիջոււմ է Գագիկ Ծառուկյանին:
-Բնականաբար, Հանրապետականը ձգտելու է հաղթանակի, սակայն ես երբեք չեմ փորձի կանխատեսումներ անել ու ասել, որ այս կուսակցությունն այսքան քվե կստանա, այն մեկը՝ այնքան: Նախ, որովհետև ես դրա մասնագետը չեմ և երկրորդ՝ վերջնարդյունքը որոշողը ժողովուրդն է: Եվ ապրիլի 3-ին հենց այդ որոշման ականատեսը կլինենք բոլորս:
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն Հանրապետական կուսակցությանը, որն արդեն տասնամյակից ավելի իշխանության ղեկին է և այդ տասնամյակը նշանավորվեց բացասական մի շարք ցուցանիշներով:
-Մենք հույս ունենք, որ կստանանք մեր քաղաքացու քվեն, քանի որ ներկայացրել ենք իրատեսական ծրագիր, որով տվել ենք հստակ պատասխաններ, թե ի՞նչ ենք անելու և ինչպե՞ս ենք անելու:
Գիտեք, ցանկացած նախընտրական քարոզարշավի ժամանակ բավական մեծ է գայթակղությունը ներկայացնելու հավակնոտ, ականջահաճո ծրագրեր, խոստանալու, որ շատ կարճ ժամկետում լուծվելու են բոլոր խնդիրները, բայց կարծում եմ, որ մեր ժողովրդի հանդեպ նման մոտեցումը ազնիվ չի լինի: Այդ իսկ պատճառով մենք մեր ժողովրդին ասում ենք, որ կանենք այն, ինչն իրոք իրատեսական է: Մենք չենք պնդում, որ իդեալական ենք: Մենք հրաշալի գիտակցում ենք, որ եղել են սխալներ, եղել են բացթողումներ: Մեզնից որևէ մեկը դրանից չի խուսափում, չի հերքում: Մենք այդքանն ասելու համարձակությունը ունենք: Սակայն պետք է հիշել, որ ի վերջո չի սխալվում նա, ով ոչինչ չի անում և որ սխալներից ամենամեծն այն է, երբ չես գիտակցում քո նախորդ սխալները և չես ուզում շարժվել առաջ: Դրա համար մենք, գիտակցելով մեր սխալները, ունենալով փորձառություն, հստակ պատկերացում ունենք մեր երկրի խնդիրների մասին և ներկայացնում ենք իրատեսական ծրագիր: Միաժամանակ, մենք ունենք կառավարման մեծ փորձառություն և դա մեր առավելություններից մեկն է: Մեր ծրագրում չկա պոպուլիզմ. այնտեղ բացթողումների ու ձեռքբերումների վրա հիմնված ռեալիզմ է:
-Հանրապետականի նախընտրական կարգախոսն է «Անվտանգություն և առաջընթաց», սակայն այսօր, կարծես, չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, ինչի մասին բարձրաձայնում են նաև Ձեր ընդդիմախոսները: Այդ դեպքում ինչո՞ւ հայ հասարակությունը պետք է Ձեզ հավատա:
-Մենք ներկայում անվտանգության այն մակարդակում չենք գտնվում, որին ձգտում ենք, բայց վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ունենք անվտանգության բավարար մակարդակ և մեր բանակն ի զորու է լուծելու իր առջև դրված խնդիրները: Բայց մենք թե՛ անվտանգության և թե՛ առաջընթացի առումով անընդհատ զարգանալու ու ավելիին ձգտելու նպատակ ունենք: Մենք այս տարիների ընթացքում, իհարկե, ունեցել ենք ձեռքբերումեր, բայց դա մեզ չի գոհացնում ու բավարարում: Մենք շատ լավ ենք գիտակցում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և հենց այդ պատճառով է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությամբ իրականացնելու ենք զարգացման նոր ու իրատեսական ծրագրեր:
-ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզչությունն իրականացնելու հարցում հիմնական շեշտը դնում է ՀՀ վարչապետ, կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանի վրա, որն այս օրերի ընթացքում նախընտրական ծրագիրը ներկայացրել է Հայաստանի մի շարք մարզերում: Թեև Կարապետյանը ՀՀԿ ցուցակում ներկայացված չէ: Առանց նրա Հանրապետականը վստահություն չի՞ ներշնչում:
-Հանրապետական կուսակցությունը բազմաշերտ է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր հստակ դերակատարումը նախընտրական գործընթացում: Կարեն Կարապետյանը մեր ծրագրի դրույթների ու կարգախոսի՝ մասնավորապես առաջընթացի մարմնավորումն է և, բնական է, որ նա պետք է լիներ այս քարոզարշավի հիմնական բեռը կրողը: Իսկ թե ինչու պարոն Կարապետյանը չընդգրկվեց համամասնական ցուցակում, բազմիցս պարզաբանվել է, որ կային որոշակի իրավական սահմանափակումներ, սակայն, ինչպես հիշում եք, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2017թ. ընտրություններում, եթե ՀՀԿ–ն վստահության քվե ստանա, կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:
-Տիկին Հովհաննիսյան, այս օրերին հնչում են կանխատեսումներ, որ եթե ապրիլի 3-ին պարզվի, որ ընտրություններում հաղթել է Հանրապետականը՝ երկրում իրավիճակը հնարավոր է անկայունանա: Դուք կրքերի նման բորբոքում կանխատեսո՞ւմ եք:
-Նախ ասեմ, որ մեզ համար այս ամենում ամենակարևորն ընտրական գործընթացի նկատմամբ մեր քաղաքացու վստահությունն է, իսկ արդար ընտրություն անցկացնելու ամենակարևոր նախադրյալներից մեկը մենք ունենք, որն ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղհասարակության հետ կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր օրենսգիրքն է, որով ընտրական գործընթացի նկատմամբ անվստահությունը հասցրել ենք զրոյի: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա ես ծանոթ չեմ դրանց, բայց նույնիսկ եթե կան, ապա հույս ունեմ, որ դրանք կմնան միայն կանխատեսումների դաշտում: Նորից եմ կրկնում՝ մեր նպատակը մեկն է՝ անցկացնել ազատ, թափանցիկ և արդար, օրենքի տառին և ոգուն համա-պա¬տասխանող ընտրություններ, որն ընդունելի կլինի բոլորիս համար՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Համոզված եմ՝ այդ նպատակն ունեն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններն ու դաշինքները ևս:
Զրուցեց Լիա Խոջոյանը