Եթե ՀԷՑ-ի գործով արբիտրաժի որոշումը ճանաչվի հանրային կարգին հակասող, այն կարող է չկատարվել
Լուսանկարը` 1lurer.am
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործով այս փուլում ունի ժամանակավոր բնույթ, և եթե այն գնահատվի հանրային կարգին հակասող, ապա Հայաստանը կարող է չկատարել այն։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում էր կայացրել հօգուտ գործարար Սամվել Կարապետյանի՝ ժամանակավորապես արգելելով ՀՀ կառավարությանը կիրառել նոր ընդունված օրենքների որոշ դրույթները՝ վերաբերվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ)։ Որոշումը մասնավորապես վերաբերում է էներգետիկայի և հանրային ծառայությունների ոլորտներին և միտված է կանխելու ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավումը կամ կառավարման փոփոխությունը։
Հուլիսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ արբիտրաժի կողմից կայացված այս որոշումը նախնական ապահովման միջոց է և վեճի ըստ էության քննություն դեռ չի իրականացվել։ Նրա խոսքով՝ երբ սկսվի փաստացի քննությունը, Հայաստանը կկարողանա ներկայացնել իր իրավական հիմնավորումները և փաստարկները։
Գալյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի օրենսդրությամբ և մի շարք միջազգային կոնվենցիաներով թույլատրվում է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն ճանաչվում է հակասող հանրային կարգին։ «Ես չեմ կարող հիմա ասել, այն կհամարվի հանրային կարգին հակասող, թե ոչ, բայց նման իրավական հնարավորությունը գոյություն ունի», – նշել է նախարարը։
Նա վստահեցրեց, որ կառավարությունը որևէ նորմ չի խախտել և գործել է ՀՀ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակում։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի նկատմամբ կայացված որոշումները նպատակ ունեին կանխել լուրջ ռիսկեր, որոնք կառավարությունում որակվել են որպես «շատ բարձր»։ Ժամանակավոր կառավարիչը՝ Ռոմանոս Պետրոսյանը, նշանակվել է ոչ թե կառավարության կողմից, այլ՝ օրենքով լիազորված հանձնաժողովի նախագահի որոշմամբ։
Գալյանը եզրափակեց, որ կառավարությունը համբերատարորեն կսպասի վեճի ըստ էության քննության մեկնարկին և այդ ընթացքում կներկայացնի իր իրավական դիրքորոշումը միջազգային արբիտրաժին։