17.07.2025
«Օր ու գիշեր համոզում են, թե իբր պատրաստվում էին ահաբեկչություն գործել»․ Սրբազան պայքար
prev Նախորդ նորություն

Գործադիրը երկարաձգել է կոնյակի արտահանողների վարկերը՝ Վրաստանում խնդիրների պատճառով

Լուսանկարը` brokers.am
Լուսանկարը` brokers.am

Հայաստանի կառավարությունը որոշել է աջակցել արտահանողներին՝ թույլ տալով վեց ամսով հետաձգել խաղողի մթերման համար ստացված վարկերի վերադարձը՝ վրացական կողմի արգելքների հետևանքով առաջացած ֆինանսական բարդությունների պատճառով։


Հուլիսի 17-ին կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով մինչև վեց ամիս ժամկետով կերկարաձգվի 2023 թվականին խաղողի մթերման նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետը։ Որոշումը պայմանավորված է վերջին ամիսներին Վրաստանի մաքսային ծառայությունների կողմից հայկական բեռնատարների կանգնեցմամբ՝ դեպի Ռուսաստան և Բելառուս շշալցված կոնյակ արտահանելու ճանապարհին։


Ապրիլի 17-ից սկսած, Վրաստանը սկսեց հիմնավորել բեռնատարների կասեցումը լաբորատոր փորձաքննության անհրաժեշտությամբ, ինչի հետևանքով Թբիլիսիի մերձակայքում գտնվող Գեզի տերմինալում կուտակվել է շուրջ 150 բեռնատար։


Երկարատև կանգառները հանգեցրել են մի շարք ֆինանսական խնդիրների․ բեռնափոխադրողների օրական վարձավճարները հասնում են շուրջ 100 դոլարի, մատակարարման պայմանագրերի խախտման հետևանքով ընկերությունները ենթարկվում են տուգանքների, կորցնում մատակարարման հաջորդականության իրավունքը, իսկ որոշ դեպքերում՝ նաև գործընկերությունը խոշոր առևտրային ցանցերի հետ։ Արդյունքում՝ նվազել են նաև կոնյակի արտահանման ծավալները։


Նման պայմաններում ընկերությունները դժվարացել են կատարել նաև աշխատավարձերի, հարկային և վարկային պարտավորությունները։ Կառավարության որոշմամբ վեց ամսով երկարաձգվում են նաև պետական երաշխիքների մարման ժամկետները, իսկ նախկին երաշխիքները կփոխարինվեն նորերով՝ համապատասխան ժամկետներով։


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հուլիսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով Ռուսաստան է մուտք գործել հայկական կոնյակով բարձված 103 բեռնատար։ Սակայն վերջին ամիսներին մի շարք ընկերություններ բախվել են համակարգային խնդիրների՝ փորձելով Վրաստանի տարածքով արտահանել իրենց արտադրանքը, ինչի պատճառով մայիսին արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց և դիմել կառավարության աջակցությանը։

ՔՀՀ-ներում միջազգային չափորոշիչներով ուղեցույցներ են մշակվել
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով