ՔՀՀ-ներում միջազգային չափորոշիչներով ուղեցույցներ են մշակվել
Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում (JUREMONIA) ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև։
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Հանդիպմանը Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիան ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում անձնական խուզարկություններին, ինչպես նաև ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելմանը վերաբերող ուղեցուցային փաստաթղթերը, որոնք մշակվել են՝ ելնելով Քրեակատարողական ծառայության կարիքներից։ Ուղեցույցները ներառում են ոլորտի ամենաարդիականացված միջազգային չափորոշիչները, առաջարկությունները, առաջատար երկրների լավագույն փորձի ուսումնասիրությունները։
Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, տեղակալ Վահե Նանուշյանը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը։
Քննարկման ընթացքում Սահակ Գրիգորյանը և Վահե Նանուշյանը խոսել են քրեակատարողական հիմնարկներ այցելող անձանց խուզարկությունների իրականացման ներպետական մեխանիզմներից, թեմայի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման ուղիներից։ Ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ Ռուբեն Այվազյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անձնական խուզարկությունների իրականացման կարգավորումները։
Հանդիպումն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության, Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության, Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Սոցիալական արդարություն» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։