Հայաստանում կստեղծվի օժտված երեխաների համար նախատեսված ավագ դպրոցների նոր համակարգ
Լուսանկարը` primeminister.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ակադեմիական քաղաքի» շրջանակում օժտված աշակերտների համար հատուկ կրթական համակարգի ստեղծման մասին՝ նպատակ ունենալով խթանել նրանց կարողությունների զարգացումը:
Հուլիսի 17-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նոր նախաձեռնություն, ըստ որի՝ «Ակադեմիական քաղաքում» կստեղծվի ավագ դպրոցների համակարգ, որտեղ կսովորեն առավել օժտված և ունակություններով աչքի ընկնող աշակերտները։ Վարչապետի խոսքով՝ այս երեխաների տաղանդի զարգացումը պետք է դառնա պետության հատուկ ուշադրության և ներդրումների առարկա։
Նա հիշեցրեց նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի և շարունակության մասին՝ նշելով, որ ծրագիրը կշարունակվի նոր փուլերով՝ ներառելով ևս 300 դպրոց, այնուհետև՝ նոր 300 դպրոց։ Մանկապարտեզների կառուցման ծավալը, ըստ նրա, որոշվելու է ըստ պահանջարկի։
Փոքր համայնքներում, որտեղ մանկապարտեզի տարիքային խմբի երեխաների թիվը քիչ է, ներկայումս նոր շինարարություն չի նախատեսվում։ Այդ գյուղերում մանկապարտեզային ծառայությունները կմատուցվեն ըստ պետական չափորոշիչների՝ հնարավորության դեպքում օգտագործելով վարձակալված առանձնատներ։
Հայաստանում նախատեսվում է կառուցել «Ակադեմիական քաղաք», որը կդառնա կրթության և գիտության կենտրոն՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական համալսարանների միջազգային մրցունակությունը։ Նախագծով նախատեսվում է 16 համալսարանի՝ 8 պետական և 8 մասնավոր կամ միջազգային, տեղակայում երկու տարածքում, այդ թվում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Շինարարությունը նախատեսվում է սկսել 2025 թվականին և ավարտել 2029 թվականի վերջին, իսկ ուսումնական գործընթացը կմեկնարկի 2030 թվականին։