Իմ գործունեության կարևոր քայլերից է Ռուսաստանից Հայաստան ներդրումների ներգրավումը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ–ում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը:
Նրա խոսքով, նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ շատ ակտիվ աշխատում են ՌԴ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների հետ և հավաստիացրեց, որ արդեն այս տարվա ընթացքում կոնկրետ քայլեր, կոնկրետ ստորագրված փաստաթղթեր կլինեն։
"Գործունեությանս մեկնարկը բավական ակտիվ է եղել. նախագահ Սերժ Սարգսյանն է այցելել ՌԴ, Ռուսաստանից մեծ թվով դիտորդներ են ժամանելու ՀՀ խորհրդարանական ընտրություններին, դեսպանությունը պատրաստվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Առաջին կարևոր աշխատանքը, որ արվել է պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում՝ սոցիալական ցանցերում ակտիվությունն է։ Մենք էջեր ենք բացել Twitter-ում, Facebook-ում ու այլ սոցցանցերում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքն ավելի ակտիվացնել, քանի որ երիտասարդությունը հիմնականում այս միջոցներով է տեղեկատվություն ստանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական լոբբիի դեմ պայքարին, ապա Վարդան Տողանյանն անիմաստ է համարում դա, քանի որ միջպետական հարաբերություններում լոբբիզմ կա և կլինի, շատ երկրներում դա նաև կարգավորված է:
"Ռուսաստանում կան ընկերություններ, մարդիկ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են: Դրա մասին խոսել, դրա դեմ պայքարելն անիմաստ է և նման է «հողմաղացների դեմ պայքարելուն»`, չեմ կարծում, որ դա իմ գործն է: Մենք ուղղակի պետք է շարունակենք զբաղվել և առաջ տանել մեր շահերը և զբաղվել Հայաստանի և հայկական լոբբիզմով»,- ասաց Տողանյանը:
Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հարցին նա ասաց, որ հայկաան կողմը պետք է անի այն, ինչ արել է և շարունակի ակտիվ աշխատանքը:
"Մենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ ունենք ՌԴ-ի հետ, որոնք առնչվում են մի շարք ոլորտների: Չեմ կարծում, որ այստեղ մեր աշխատանքով պետք է համեմատվենք ինչ-որ մեկի հետ: Մենք ունենք մեր ներքաղաքական, պետական հարցերը, դրանք հստակ են և բխում են Հայաստանի և Արցախի շահերից»,- հավելեց ՌԴ-ում ՀՀ դեսպանը: