Աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին, հրավիրել է մասնակիցներից յուրաքանչյուրին բացահայտելու Հայաստանը բոլոր իմաստներով` թե’ ներդրումների կատարելու, թե’ ծանոթանալու երկրին ու իր գործի գիտակ կադրերին:
Նրա խոսքով, հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի փորձություն է անցել և, հասնելով մեր օրերը, դարձել Հայաստանի ու բազմաթիվ արաբական երկրների միջպետական հարաբերությունների անսասան հենքը։ Հենց այդ հենքի վրա էր, որ Միացյալ Էմիրությունների լուսահոգի հիմնադիր Նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի օրոք սկիզբ առավ նաև Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջպետական համագործակցությունը: Եվ այսօր ցանկությունն ու պարտքն է՝ ամրապնդել և խորացնել այս թանկ ժառանգությունը, որ ստացել ենք:
«Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, ինչը հայ ժողովրդին երկու աշխարհների համար էլ դարձրել է ընկալելի: Միաժամանակ, Արևելքն ու Արևմուտքը միախառնվել են մեր հողում՝ արտացոլվելով հայ ժողովրդի մտածելակերպում և կենսակերպում: Սա նշանակում է, որ ձեզանից յուրաքանչյուրը, գալով Հայաստան, կբացահայտի ոչ միայն գործարարության համար բարենպաստ միջավայր, այլև հոգեհարազատ տարրեր, որոնցից ամենաբնորոշները, թերևս, ավանդական հայկական հյուրընկալությունն ու ջերմությունն են, որոնք հատուկ են նաև եղբայրական արաբ ժողովրդին»,- ասել է նա:
Նրա խոսքով, չնայած պատմության ընթացքում ՀՀ-ին բաժին հասած բազում դժվարություններին՝ մենք երբեք չենք ընկրկել, սփռվել ենք աշխարհով մեկ և դարձել նաև հաջողակ գործարարներ:
«Այսօր էլ մեզ չեն վախեցնում առկա սահմանափակումները, մենք փորձում ենք դրանք վերածել մրցակցային առավելությունների: Չունենալով էներգակիրներ՝ մենք զարգացնում ենք մարդկային ռեսուրսը, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստեղծում ենք ինտեգրացիոն կամուրջներ, չունենալով ելք դեպի ծով՝ մենք բացվում ենք աշխարհին մեր աշխարհասփյուռ հայ համայնքների միջոցով, հաղորդակցվում ենք՝ ստեղծելով այլընտրանքային ուղիներ և օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից։ Ասածիս լավագույն վկայությունն այն է, որ Հայաստանն այսօր վերածվել է ամբողջական բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ առաջարկող երկրի՝ զբաղեցնելով իր յուրահատուկ տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր։ Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017» զեկույցը, որի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդն է, ընդ որում բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով՝ 9-րդ հորիզոնականում է: Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ցուցանիշին՝ այս տարի գրանցվել է աննախադեպ առաջընթաց. մեր երկիրը ներկայումս 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 21 կետով բարելավելով իր դիրքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հավասըիացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստել է ներդրումային փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
«Մենք կողջունենք և կաջակցենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Միացյալ Էմիրությունների ներդրողներին: Համագործակցության մեծ հնարավորություններ կան գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում։վՀայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է ստանում օրգանական և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը, կարծում եմ, մեծ պահանջարկ ունի նաև ձեր երկրում։ Ինչպես հայտնի է, Հայաստանը միջազգային հեղինակություն է վայելում միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության, հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղական աղբյուրների քաղցրահամ խմելու ջուրը դարձել է Հայաստանի այցեքարտը: Հայաստանը բնօրրանն է աշխարհի ամենահամեղ մրգերից մեկի՝ արևահամ ծիրանի, որը գիտությանը հայտնի է, որպես «Պրունուս արմենիակա»»,- ասել է նա:
ՀՀ նախագահի խոսքով` վերոհիշյալ ոլորտներում համագործակցության արդյունավետ հարթակ կարող են դառնալ Հայաստանի ազատ տնտեսական գոտիները՝ բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ուղղվածություն ունեցող «Ալյանսը» և ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների համար նախատեսված «Մերիդիանը», որոնց գործունեությունը գրեթե ամբողջությամբ ազատված է հարկերից և մաքսատուրքերից։ Նախատեսված է ստեղծել ևս մեկ՝ ավելի լայն ընդգրկմամբ ազատ տնտեսական գոտի, որը արդյունավետ հարթակ կդառնա ԵԱՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ դուրս գալու համար։ Հայաստանն էմիրաթյան գործարարներին առաջարկում է անընդհատ ընդլայնվող շուկա, քանզի Եվրասիական ինտեգրացիան ընդլայնել է Հայաստանի տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը:
«Բացի այդ, վերջերս ավարտվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը նշանակում է նաև Եվրոպական միության հետ տնտեսական կապերի նոր մակարդակ, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ: Հայաստանը մինչ այդ արդեն իսկ օգտվում էր Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված շուրջ 6400 ապրանքատեսակներ արտոնյալ պայմաններով արտահանել ԵՄ։ Վստահ եմ, որ համատեղ աշխատելու պարագայում զգալի ձեռքբերումներ կունենանք։ Դրա լավագույն վկայությունը մեր երկրների միջև առևտրաշրջանառության աննախադեպ աճն է` շուրջ երկուսուկես անգամ, որը նկատելի դարձավ նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Իսկ այս տարի արձանագրել ենք թռիչքային աճ՝ ավելի քան 8 անգամ, և պատրաստակամ ենք ապահովելու դրա շարունակականությունը»:
Նա առանձնացրել է նաև զբոսաշրջության ոլորտը` նշելով, որ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերընթաց աճում է. միայն 2016-ին այն ավելացել է 44 տոկոսով։