16.07.2025
Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին. քննարկումները՝ ՀՀ ինքնիշխանության շրջանակում
prev Նախորդ նորություն

Փաշինյան․ արտապատվիրակումը չի նշանակում սեփականության զիջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում վերահաստատեց, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վաղուց հստակեցված է և ամրագրված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում։ Նա ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է տրանսպորտային ուղիների բացմամբ, այդ թվում՝ Հայաստան–Հայաստան երթուղիներով Ադրբեջանի տարածքով, Ադրբեջան–Ադրբեջան երթուղիներով Հայաստանի տարածքով, ինչպես նաև միջազգային հաղորդակցության և տարանցիկ փոխադրումների հնարավորություններով։


«Այս բոլոր գործընթացները մենք դիտարկում ենք ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում», — նշեց վարչապետը։


Փաշինյանը հիշեցրեց, որ արտապատվիրակման մոդելը նոր չէ Հայաստանի համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի, ջրային համակարգերի և երկաթուղիների կառավարումը նախկինում արդեն իրականացվել է արտապատվիրակման հիմքով՝ սեփականության իրավունքը պահպանելով Հայաստանի Հանրապետությանը։


«Նման մոդել կարող է կիրառվել նաև ապաշրջափակման համատեքստում՝ ներդրումային կազմակերպության ստեղծման միջոցով, որը կզբաղվի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ։ Բացի ավտոճանապարհներից և երկաթուղիներից, խոսքը կարող է լինել խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հեռահաղորդակցության մալուխների մասին։ Սա մի ամբողջական տնտեսություն է, որը պետք է ձևավորվի և զարգացվի Հայաստանի իրավազորության ներքո», — նշեց Փաշինյանը։


Նա հավելեց, որ քննարկվում է նաև հողի վարձակալության թեման, որը հայկական օրենսդրությամբ կարգավորվում է կառուցապատման իրավունքի միջոցով։ «Այդ իրավունքի ժամկետի ավարտից հետո կատարված ներդրումները դառնում են Հայաստանի սեփականություն», — պարզաբանեց վարչապետը։


Փաշինյանի խոսքով՝ ներկայում տարբեր գաղափարներ են քննարկվում, սակայն որևէ համաձայնագիր դեռևս ստորագրված չէ։ «Մենք միշտ նշել ենք, որ պատրաստ ենք որոշակի պարզեցումների, քանի որ այս ոլորտում կա միջազգային մրցակցություն՝ տարանցման ուղիների, էներգակիրների ու բեռների համար։ Հայաստանը պետք է կարողանա հանդես գալ մրցունակ առաջարկներով», — ասաց նա։


Վարչապետը քննադատեց այն ուժերին, որոնք երկաթուղու հնարավոր բացումն փորձում են ներկայացնել որպես ողբերգություն։ «Իրական ողբերգությունն այն է, որ Հայաստանը չունի տարանցիկ երկաթուղային հաղորդակցություն», — նշեց նա։


Փաշինյանը եզրափակեց՝ Հայաստանի նպատակը հստակ է. դառնալ վստահելի և գրավիչ տարանցիկ երկիր։ «Այդ նպատակով մենք պետք է ապահովենք ներդրումների համար անվտանգ և շահավետ միջավայր։ Արդեն իսկ կան հետաքրքրված միջազգային խաղացողներ, ինչը բարձրացնում է վստահությունը մեր ներդրումային քաղաքականության նկատմամբ», — եզրափակեց նա։


 

Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով