Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին. քննարկումները՝ ՀՀ ինքնիշխանության շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ ընդգծելով, որ այդ քննարկումներն իրականացվում և շարունակվելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք շրջանակում:
Մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը նշել է, որ պաշտոնական Երևանը հետևողական է մնում իր դիրքորոշմանը՝ կապված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հետ։ Նա ընդգծել է, որ այս դիրքորոշումն արտացոլված է Հայաստանի կառավարության կողմից առաջադրված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։
«Մենք կողմ ենք, որ տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ ներառյալ Հայաստանից Հայաստան անցնող ճանապարհները Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Ադրբեջանի ներսում հաղորդակցություն՝ Հայաստանի տարածքով։ Սա վերաբերում է թե՛ երկկողմ առևտրին, թե՛ միջազգային փոխադրումներին, երբ երրորդ երկրներ հասնելու համար անհրաժեշտ է միմյանց տարածքով անցնել։ Այս հարցում մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշմամբ», – նշել է վարչապետը։
Նրա խոսքով, բոլոր քննարկումները և պլանավորված քայլերը իրականացվել են ու կշարունակվեն բացառապես ՀՀ տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում։ «Սա հիմնարար մոտեցում է, և որևէ քննարկում չի կարող տեղի ունենալ այդ սահմաններից դուրս։ Մենք երբեք չենք քննարկել և չենք քննարկելու որևէ տարբերակ, որը չի բխում այս սկզբունքներից», – հավելել է Փաշինյանը։