Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում
Գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ըստ Կադաստրի Կոմիտեի ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների՝ նշված գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։
Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։
Այն 1969թ. կառուցված երկհարկանի վարչական շենք է։ Տարածքի մեջ մտնում է 0.11592 հա մակերեսով հողատարածքը, էլեկտրական ենթակայանը, 28.5 քմ նկուղը, 17.2 քմ կիսանկուղը, 310.3 քմ վարչական շենքը և 1998թ. կառուցված 26.8քմ մակերեսով ավտոտնակը։