Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Նալբանդյանը ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում և հավելեց, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։