ԱԺ-ն այսօր 65 կողմ, 27 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ է տալիս ազգայնացնել ՀԷՑ-ը:
Ազգային ժողովում արագացված կարգով քննարկված և ընդունված այս պաթեթը ներառում է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխություններ։
Օրենսդրական փաթեթի կարևոր բաղադրիչներից մեկը պետությանը գույք ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելն է: Եթե էներգետիկ ընկերությունը մտադիր է օտարել իր գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները, կառավարությունն առաջինն է իրավունք ստանում գնելու այն՝ շուկայական արժեքով, առանց մրցութային գործընթացի: Ընկերությունը պարտավոր է ծանուցել կառավարությանը նման մտադրության մասին, իսկ պետությունն երեք ամսվա ընթացքում կարող է օգտվել այդ իրավունքից: Գույքի արժեքը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով: Եթե առկա են մի քանի գնահատման հաշվետվություններ, ընտրվում է դրանց միջին արժեքը, բայց եթե արժեքների տարբերությունը գերազանցում է 10%-ը, հաշվի է առնվում առավելագույնը 10% տարբերությամբ արժեքը: Կառավարությունը պնդում է, որ այս մեխանիզմը երաշխավորում է արդար գնագոյացում, սակայն քննադատները կարծում են, որ այն սահմանափակում է ընկերությունների ազատությունն ու կարող է խոչընդոտել մրցակցությանը:
Հաշվի առնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը՝ օրենքը ներկայացնում է ժամանակավոր կառավարիչների նշանակման մեխանիզմ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահը կարող է առանց դատարանի որոշման նշանակել ժամանակավոր կառավարիչ, եթե կա խախտումների կասկած: Այս կառավարիչը ստանձնում է ընկերության գործադիր կառավարման լիազորությունները, կարող է փոփոխություններ պարտադրել կանոնադրությունում կամ ղեկավար կազմում: Կառավարիչը պետք է ունենա բարձրագույն կրթություն և էներգետիկայի կամ կառավարման ոլորտում առնվազն հինգ տարվա փորձ: Նրա գործունեությունը ֆինանսավորվում է ընկերության միջոցներով, իսկ հնարավոր վնասները փոխհատուցվում են վարչարարության մասին օրենքով սահմանված կարգով: Այս մեխանիզմը, ըստ կառավարության, պետք է կանխի էներգամատակարարման ընդհատումները, սակայն այն կարող է ընկալվել որպես ընկերությունների ներքին գործերին անհամաչափ միջամտություն՝ առանց դատական վերահսկողության:
Եթե ընկերությունը կամավոր հրաժարվում է լիցենզիայից կամ զրկվում է դրանից, կառավարությունը կարող է առաջարկել բաժնետերերին օտարել ընկերության բաժնետոմսերը, գույքը կամ գույքային համալիրը: Երեք ամսվա ընթացքում օտարումը չկատարվելու դեպքում պետությունը կարող է հարկադիր կերպով օտարել դրանք՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան: Լիցենզիայից հրաժարված ընկերությունը կարող է պարտավորվել ժամանակավորապես շարունակել գործունեությունը՝ մինչև նոր լիցենզիա տրամադրվի: Այս կարգավորումները նպատակ ունեն ապահովել սպառողների անխափան մատակարարումը, սակայն դրանք կարող են ընկալվել որպես մասնավոր սեփականության նկատմամբ անհիմն սահմանափակում:
ՀԾԿՀ-ի նախագահը ստանում է լայն լիազորություններ՝ կանխարգելիչ միջոցներ կիրառելու համար, եթե կա խախտումների կասկած: Այդ միջոցները ներառում են խախտումների վերացման ծրագրի սահմանում, ընկերության ղեկավար մարմնի ժողով հրավիրելու պահանջ, կանոնադրության կամ ղեկավար կազմի փոփոխություն, ինչպես նաև ժամանակավոր կառավարիչ նշանակելու հնարավորություն: Այս միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով ընկերության կողմից նախկինում կատարված խախտումների բնույթն ու հաճախականությունը: Ավելին, եթե կառավարության լիազոր մարմինը հաղորդում է, որ վտանգված է էներգետիկ համակարգի անվտանգությունը կամ սպառողների շահերը, ՀԾԿՀ-ի նախագահը պարտավոր է հինգ օրվա ընթացքում հարուցել վարչական վարույթ և կիրառել կանխարգելիչ միջոցներ: Այս գործընթացը, թեև նպատակ ունի արագ արձագանք ապահովել, կարող է հանգեցնել կամայական որոշումների՝ դատական վերահսկողության բացակայության պատճառով: