Իրանը վերահաստատել է՝ ուրան հարստացնում է խաղաղ նպատակներով և ունի դրա իրավունքը
Լուսանկարը` IRNA
Իրանը շարունակելու է զարգացնել իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով՝ հենվելով միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների վրա։ Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։
Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ Իրանը լիովին օգտվում է իր օրինական իրավունքից՝ ուրան հարստացնելու սեփական խաղաղ էներգետիկ կարիքների համար։ Նա շեշտել է, որ Իրանը հավատարիմ է մնում միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագրին և հանդես է գալիս որպես նրա պատասխանատու կողմ։
«Մեր հարստացվող ուրանը ծառայում է բացառապես խաղաղ նպատակների։ Որևէ երկիր չի կարող սահմանափակել մեր իրավունքը՝ հանուն ազգային զարգացման», — նշել է նա։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունիսի 22-ին հակամարտությանը միացել են ԱՄՆ-ը՝ հարվածներ հասցնելով Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի համալիրներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է՝ հարվածները կշարունակվեն, եթե Թեհրանը չփոխի իր դիրքորոշումը։
Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնությամբ՝ դատապարտելով ռազմական գործողությունները և ընդգծելով՝ անհրաժեշտ է պահպանել միջազգային համաձայնագրերը և խուսափել իրավիճակի հետագա սրացումից։