15.05.2025
Պետությունը բանակի մարտունակության հիմքում տեսնում է միայն ֆինանսներ
prev Նախորդ նորություն

Ով ավելի բարձր ու ավելի թունդ "կքրֆի". ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է. ՔՊ-ում հավատարմության մրցույթ է հայտարարված, ընտրություններին ընդառաջ, արեւի տակ իրենց տեղը գտնելու համար իշխանական պատգամավորներն ընդդիմադիր գործընկերների հասցեին երկրի թիվ մեկ ամբիոնից ամենաայլանդակ բառապաշարն են գործածում՝ մի հույսով, որ Նիկոլ Փաշինյանը կգնահատի իրենց հավատարմությունը, անմնացորդ նվիրվածությունը եւ կընդգրկի ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում կամ մի տեղ կտա իշխանական արեւի տակ։ Ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները: Երեկ անգամ ՔՊ-ում էին զարմացած նիստը վարող Հակոբ Արշակյանի հոխորտանքներից ու ելույթի տոնից։ Իսկ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից ուղղակի հայհոյանք հնչեցրեց, ասելով․ «Ով մեզ ասի թուրք, նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»:


Ամեն օր անկառավարելի դարձող ՔՊ-ական պատգամավորներն ավելի ու ավելի ագրեսիվ եւ անմարդկային վարք են դրսեւորում քաղաքական օպոնենտների, հանրության հանդեպ՝ անարգելով պառլամենտական ինստիտուտը։ Երեկ ծանր մարտեր էին մղում Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների, ավելի ճիշտ՝ վերջինիս ստվերի դեմ, քանի որ իր աղմկոտ ելույթին հաջորդած քաշքշուկից հետո ոչ միայն Լ. Քոչարյանը, այլեւ մյուս ընդդիմադիրները հեռացան ու այլեւս չվերադարձան դահլիճ: Բայց դա չխանգարեց ՔՊ-ականներին, որ ՀԾԿՀ հաշվետվության քննարկումը «նվիրեն» Քոչարյանին եւ տհաճ ու փողոցային լեքսիկոնով ելույթներ ունենան, որոնք քաղաքականությունից եւ քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու են։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարից սկսած մինչեւ շարքային պատգամավորն ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար. նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցաում կրկին տեղ զբաղեցնելն է: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այժմյան ՔՊ խմբակցությունից շատ քիչ մարդկանց ներառել հաջորդ ընտրացուցակում, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջիններս կա՛մ վարկանիշ չունեն, կա՛մ այլեւս նպատակահարմար չէ նրանց հետ ճանապարհ գնալ: Ու դա ակնհայտ երեւում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի, խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պահվածքից, ովքեր իրենց ելույթներում ամեն բան անում են՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը պաշտպանելու համար:


Վերջիններս ցանկացած ընդդիմադիրի քննադատությանը բուռն են արձագանքում, փողոցային վարքով են հանդես գալիս, ելույթներում վիրավորում են բոլորին: Թեժ պայքարի մեջ է մտել նաեւ երբեմնի նախարար Արսեն Թորոսյանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի աչքի փուշն էր դարձել, անգամ նպատակ կար նրան կալանավորելու, բայց հիմա նույնիսկ հայհոյանքներ է հնչեցնում թիվ մեկ ամբիոնից՝ միայն թե Փաշինյանի «աչքին երեւա»:


Եվ երեկ նրանք տասնյակներով գրավել էին ԱԺ ամբիոնը՝ սպառնալով ու վիրավորելով Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններին, միայն այն բանի համար, որ Լեւոն Քոչարյանը քննադատեց Փաշինյանի կառավարությանը, մարդկանց ուշադրությունը հրավիրեց՝ նկատելու, որ Փաշինյանը «համբալ» բառով վիրավորել էր իր ընդդիմադիր գործընկերներին, բայց նկատեց՝ «Երբ Փաշինյանը դրա հաջորդ օրը գնաց Մոսկվա, Դուք տեսե՞լ եք այդ տեսանյութը, հիմա ո՞վ ա «համբալ»»: Լեւոն Քոչարյանը հակադարձեց նաեւ Ալեն Սիմոնյանին՝ ասելով՝ որ վերեւից շպրտի, ցավոտ կլինի: Երեկ ԱԺ-ում «20-ը մեկի դեմ» արշավ էր՝ կեղտոտ, ցածրորակ եւ վիրավորանքներով ու սպառնալիքներվ լի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականից ուժի մեջ մտած օրենքից 1 տարի 5 ամիս անց արտաքին գործերի նախարարը սկսել է հայտարարագրել ի պաշտոնե ստացած նվերները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ 2025 թվականի մայիս ամսին Միրզոյանը հաշվառման է ներկայացրել 9 նվեր։


Ինչ նվերներ է նա ստացել.


Արարատ Միրզոյանը Ամանորի կապակցությամբ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունից ստացել է Աբու Դաբի քաղաքի Քասր Ալ Հունի ամրոցի 3D մոդելը, որի արժեքը գնահատվել է 153 հազար 700 դրամ։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը Արարատ Միրզոյանին Ամանորի առթիվ նվիրել է ձեռագործ, նկարազարդ կերամիկական սպասքի հավաքածու՝ 3 ափսե եւ 6 բաժակ, որի արժեքը գնահատվել է 60 հազար դրամ։ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի կողմից Ամանորի առթիվ Միրզոյանը ստացել է փորագրված, կարմիր լաքապատ ծաղկաման, որը գնահատվել է 69 հազար 790 դրամ։ 2024 թվականի ապրիլի 29-ին աշխատանքային այցով Կատար մեկնած Միրզոյանը նվեր է ստացել Կատարի Դոհա քաղաքի՝ ժամացույց-աշտարակի տեսքով հուշանվեր, որը գնահատվել է 800 հազար դրամ։


2025 թվականի հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան եկած Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաեւը Արարատ Միրզոյանին որպես նվեր փոխանցել է սափոր եւ 2 բաժակ, որը գնահատվել է 40 հազար դրամ։ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարը նվիրել է նաեւ 200 հազար դրամ արժողությամբ գորգ՝ ղազախական ավանդական շիրդակ։ 2025 թվականի մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան եկած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին Միրզոյանին նվիրել է նկար, որը գնահատվել է 58 հազար դրամ։


2024 թվականի ապրիլի 17-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նվեր է ստացել արաբական մետաղե արձանիկ՝ ձիու տեսքով, որը գնահատվել է 407 հազար դրամ։ 2024 թվականի հուլիսի 3-ին պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի ԱԳ նախարարի կողմից Միրզոյանը ստացել է Tsikolia ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որը գնահատվել է 210 հազար դրամ։ Հարցականն այն է, թե ինչու նախորդ տարի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, Արարատ Միրզոյանը չի հայտարարագրել այս նվերները, այլ հայտարարագրել է մեկ տարի անց։ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն, սակայն որեւէ պատասխան չի ստացել»։


«Հրապարակը» գրում է․ Կառավարությունն այսօր կմերժի Հովիկ Աղազարյանի՝ Ընտրական օրենսգրքում առաջարկած փոփոխության նախագիծը, որով նա առաջարկում էր, որ քվեարկության ժամանակ ընտրողը թիկունքով դեպի ոչ թե պատը կանգնի, այլ՝ հանձնաժողովին, որպեսզի տեսնեն՝ արդյո՞ք նա լուսանկարում է քվեաթերթիկը:


«Գտնում ենք, որ առաջարկվող մոտեցումը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 7-րդ եւ ԸՕ 6-րդ հոդվածներով երաշխավորված քվեարկության գաղտնիության սկզբունքի համատեքստում: ՀՀ-ում կիրառվող քվեախցիկների առկա կառուցվածքի պայմաններում ընտրողի քվեարկության գաղտնիությունն ապահովվում է միայն այն դիրքով, որը սահմանված է ԸՕ 58-րդ հոդվածի 3-րդ մասով, քանի որ քվեախցիկում գտնվելիս ընտրողի կամարտահայտման ակտը կարող է վտանգվել միայն թիկունքից, քանզի ընտրողի աջ եւ ձախ կողմերից եւ դիմացից քվեախցիկի պատերն ապահովում են քվեարկության գաղտնիությունը։ Եթե հնարավորություն տրվի՝ թիկունքից դիտելու քվեարկելու ընթացքը, ուղղակիորեն կխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Հետեւաբար, քվեախցիկի դիրքի փոփոխության դեպքում կիմաստազրկվի քվեախցիկների տեղադրման պահանջը»,- նշված է կառավարության մերժման մեջ:


«Հրապարակը» գրում է. Երեկ հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր է ճանաչել 2023 թ. սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այն ստորագրվել է հոկտեմբերի 29-ին, որի մասին մենք գրել ենք, սակայն այն ժամանակ ո՛չ հաստատում էին, ո՛չ հերքում։ Իշխանական շրջանակները տարածում են, թե դրա հրապարակումով փորձում են «սադրել Ադրբեջանին», հրահրել նոր սրացումներ, սակայն հրամանագիրը հրապարակվել է, քանի որ Հայաստանի իրավապահները, Արցախի կորստյան փաստի եւ լուծարման փաստաթղթի վրա հիմնվելով, գործեր են հարուցել բազմաթիվ համայնքապետերի նկատմամբ՝ համարելով, որ եթե Արցախը լուծարված է, եւ կա հրամանագիր, դիցուք՝ Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել իր քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը, ունենալով համայնքապետարանի կնիքը, տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել, ասենք՝ մեքենաների վերագրանցման եւ այլ նպատակների համար, հաստատել են տվյալ արցախցու` Ստեփանակերտի բնակիչ լինելու հանգամանքը։ Հրամանագիրը որոշել են հրապարակել, որպեսզի Արցախի համայնքապետերին հանգիստ թողնեն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն։


«Հրապարակը» գրում է. Մեր տեղեկություններով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որով նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ` Վրաստանից բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան: Վարորդները դրան «դազվոլ» են ասում, որի դիմաց նաեւ վճարում են։ Նրանցից մեկը պատմեց, որ նախարարությունից իրենք մերժում են ստանում, ՏԿԵՆ-ից ասում են՝ չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին ՌԴ-ն ՀՀ ՏԿԵ նախարարությանը տվել է 700 «դազվոլ», որից 500-ը բաժանել են ֆուռատերերին, իսկ 200-ը՝ Դավիթ Խուդաթյանը, չգիտես ինչու, պահել է։ Խոսնակը հաստատեց տեղեկությունը` ասաց, որ տարեսկզբին 700 «դազվոլ» են ստացել, այժմ մնացել է 130 հատ։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով եւ մինչեւ տարեվերջ կտրամադրվեն։ Բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել։


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբել յանական՝ 10-րդ համագումարում Հ/Կ նախագահ է ընտրվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Այս տեղեկությունը բավական բուռն արձագանքներ գտավ թե՛ սոցցանցային տիրույթում, թե՛ լրատվամիջոցներում: Ի մասնավորի, հարց էր բարձրացվում, թե ի՞նչ կապ ունի «ծագումով աբովյանցին» Տավուշի մարզի հետ, ինչո՞ւ է նա ընտրվել «Տավուշ» հայրենակցական միության նախագահ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռոմանոս Պետրոսյանն իրականում ծագումով աբովյանցի չէ. նրա՝ հրապարակված կենսագրության մեջ նշված է, որ նա ծնվել է Բերդի տարածաշրջանի (Շամշադինի շրջանի) Չինարի գյուղում: Մեր ունեցած տեղեկություններով, նրանց ընտանիքը Չինարիից տեղափոխվել է այն ժամանակ, երբ Ռոմանոս Պետրոսյանը եղել է 7 տարեկան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կրթական համակարգում անհանգիստ մթնոլորտ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ եւ գործադուլ է հայտարարվել քոլեջում։ Գորիսի պետական քոլեջում դասադուլը եւ գործադուլը մեկնարկել էին մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունը, ինչպես ասում են գործադուլավորները, իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։ Բանն այն է, որ Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն, պետք է միաձուլվեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող անհնազանդ տրամադրությունների մասին։


«Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն եւ ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։ Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն։ Ինձ շշուկներ են հասել, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, թող հաղթի։ Խոսակցություններից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարին եւ երկրի ղեկավարին»,- պատմում է Լազարյանը։


Կարեն Լազարյանը փաստում է, որ խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։ «Խոսակցությունները մարզում այնպիսին են, որ այս ամենն իրականացվում է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ Սյունիքի մարզպետի (Ռոբերտ Ղուկասյան) ձեռամբ։ Իրենք են, այսպես ասած, երաշխավորել, որ գյուղատնտեսական քոլեջից են լինելու ղեկավար կազմում»,- ասում է Լազարյանը։


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր քոլեջի պաշտոնին արդեն իսկ հավակնում է Աննա Տոռոզյան անուն-ազգանունով մեկը, ով ներկայում Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լազարյանը, հիշյալ ժ/պ-ի սկեսուրը եւս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, որն էլ հավակնում է դառնալ նոր քոլեջի՝ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։ Քոլեջի դասախոսներին ԿԳՄՍՆ-ից որեւէ հստակ պատասխան չեն տվել, թե ով է դառնալու տնօրեն, ու այդ պատճառով էլ հասունացել է անժամանակ գործադուլի գաղափարը։ Գորիսում դասադուլ եւ գործադուլ անողների պահանջը մեկն է. նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ, ո՛չ պատգամավորի, ո՛չ մարզպետի, այլ պետք է լինի 3-րդ՝ անկախ մեկը։ Հարցին, թե գուցե սա Ձեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, եւ Ձեր քաղաքական հայացքներն են պատճառը, Լազարյանը պատասխանեց՝ «գուցե»»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ ու հարցաքննվեն։ Բանն այն է, որ մինչ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելը, ԱԺ նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Ռուբեն Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել. ուստի միջնորդելու են, որպեսզի պատգամավորներին հրավիրեն դատարան։ Իսկ թե ովքեր են պատգամավորները՝ մանրամասներն առաջիկայում։ 


Հայտնել էինք նաեւ, որ միջնորդություն է ներկայացվելու, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին եւս հրավիրեն դատարան՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

«Անիծեք» ու «հայհոյախոսեք» որքան ուզում եք, Փաշինյանը դրանից միայն ուժեղանում է. ի՞նչ անել
Հաջորդ նորություն next