Նիկոլ Փաշինյանի ասուլիսային, լայվային, չգիտեմ ակումբային ընդդիմախոսների մի մեծ «բանակ» կա, որոնք ամենասուր կերպով ու ամենօրյա ռեժիմով թիրախավորելով եւ անգամ «անիծելով» նրան, գործնականում նրան են մատուցում ամենամեծ ծառայությունը:
«Անիծեք» ու «հայհոյախոսեք» որքան ուզում եք: Դրանով ստեղծում եք նրա համար ամենաբարենպաստ միջավայրը, այն «ջուրը», որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկ:
Նիկոլ Փաշինյանի համար առավելագույն անհարմարավետությունը դա քաղաքական բովանդակությունն է, ընդ որում ոչ թե ընդդիմախոսության հիմք, այլ հասարակության հետ աշխատանքի հիմք: Այսինքն, երբ ընդդիմախոսները ոչ թե «կռվում» են Փաշինյանի հետ, այլ աշխատում հանրության հետ:
Այո, այդ մոդելն ու մեթոդը էպատաժային չէ, այդ մոդելն ու մեթոդը տեսարանային չէ, տպավորիչ չէ, բայց դա այն է, որտեղ Նիկոլ Փաշինյնը չունի հակադրելու գործնականում ոչինչ: Դա այն մոդելն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը «ուշադրության կենտրոնում» չլինելով, իրականում իր «քաղաքական մերկությամբ» հայտնվում է բոլորի աչքի առաջ:
Դրանից է, որ նա կարող է տագնապել ամենից շատ: Եվ հենց դա է, որ նա փորձում է թույլ չտալ, ներքաղաքական պրոցեսը անընդհատ պահելով իր գծած հունի մեջ: Եվ պետք է նկատել, որ այդ առումով նա աշխատում է շատ արդյունավետ: Ինքն է այդ աշխատանքային մշակումների հեղինակը, թե աշխատում են տեխնոլոգներ, այդուհանդերձ աշխատում են բավականին արդյունավետ:
Իհարկե, ցանկացածծ արդյունավետություն ունի հարաբերականություն: Այդ աշխատանքը ամենեւին չի կանգնեցնում եւ առավել եւս չի վերականգնում նրա վարկանիշի էական անկումը: Բայց, թույլ է տալիս նրան կառավարել դա: Հիմա Նիկոլ Փաշինյանը իր առաջ դրել է անկած վարկանիշը եւ անկման շարունակվող միջավայրը կառավարելու խնդիր: Նա թերեւս լավ պատկերացնում է, որ ավելիի խնդիր դնել չի էլ կարող: Այդ իմաստով, նրա հաշվարկները բավականին ռացիոնալ են, որքան էլ սպասարկվում են էմոցիոնալ բաղադրիչի ակտիվ խաղարկմամբ:
Իհարկե սա չի նշանակում, որ իռացիոնալ են նրա մրցակիցները կամ քաղաքական հակառակորդները: Նրանք էլ ունեն իրենց ռացիոնալությունը: Պարզապես, այդ ռացիոնալությունը հաշվարկողների ամենաբարձր մակարդակում թերեւս չի ենթադրում Նիկոլ Փաշինյանին շրջանցելու նպատակ: Ավելին, նրանց հաշվարկները գոնե այս պահին թերեւս ավելի շատ միմյանց նկատմամբ են, քան Փաշինյանի:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան