Անասնագողությո՞ւն, թե քաղաքական առեւտուր. ինչ է կատարվում Գյումրիի ավագանիում
Հայտնում են, որ Գյումրու ավագանու Մեր քաղաքը խմբակցության մի անդամ որոշել է դուրս գալ խմբակցությունից: Խոսքը Մարտուն Գրիգորյանի խմբակցության մասին է:
Նախ այդ անդամը դիմել է ընդհանրապես մանդատից հրաժարվելու համար, հետո «փոշմանել» է եւ որոշել է մանդատը պահել ու դուրս գալ խմբակցությունից, լինել այսպես ասած անկախ պատգամավոր: Ըստ էության, պարզ է, որ դա կնշանակի լինել ՔՊ խմբակցության «կցորդ»:
Սա որակվում է, որ իշխանությունը «մարդ է գողանում» ընդդիմադիր խմբակցությունից:
Ինչպես հայտնի է, հայկական մեդիամիջավայրում, նաեւ քաղաքական առումով այս երեւույթը նույնիսկ ստացել է «անասնագողություն» ձեւակերպումը:
Բայց, եկեք մի քիչ սառը նայենք իրերի այս դրությանը: Ցավոք, սա է քաղաքականությունը: Այս ճամբարից այն ճամբար անցնելը, թռչելը, փոխելը եւ այլն, ցավոք սրտի, տարածված երեւույթ է ոչ միայն Հայաստանում, եւ այսպես ասած՝ հնուց եկող երեւույթ է:
Բուն հարցն ըստ իս հետեւյալն է: Եթե ընդդիմությունը չի կարողանում գտնել մի քանի տասնյակ սկզբունքային մարդ, որոնց հնարավոր չէ «գողանալ», ապա հենց իր մեջ պետք է փնտրի խնդիրները: Եթե իհարկե «գողության» փոխարեն խոսքը իրականում ընդամենը որեւէ «առեւտրի» կամ ապրանքափոխանակության մասին չէ, որը պարզապես մեդիայով հանրությանն է մատուցվում իբրեւ «գողություն»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան