Իշխանություններն իրենց քաղաքականությամբ պատերազմ են հրահրել Ադրբեջանի հետ. Սեյրան Օհանյան
Լուսանկարը` hetq.am
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հենց ներկայիս իշխանությունների՝ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում իրականացրած ոչ ադեկվատ քայլերն են խթանել Ադրբեջանին պատերազմ սկսել Արցախի և Հայաստանի դեմ:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը՝ որ հայերն են պատերազմի մեղավորները՝ պարզաբանելով, որ խոսքն իրականում գնում է գործող իշխանությունների քաղաքական ձախողումների մասին։
Օհանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն հրաժարվել է անցած տասնամյակների բանակցային ձեռքբերումներից, այլև իր գործողություններով քանդել է այդ հիմնավորումները։ «Փաշինյանն ասել է, թե սկսում է իր անձնական կետից, այլ ոչ թե այնտեղից, որտեղ կանգ են առել նախկինները։ Նա անգամ չի ցանկացել ծանոթանալ 2019-ի՝ այսպես կոչված «լավրովյան փաստաթղթին»», – նշել է Օհանյանը։
Նրա խոսքով՝ սահմանային սադրանքները, այդ թվում՝ Տավուշում, ինչպես նաև կտրուկ և անպատասխանատու արտաքին քաղաքականությունն ուժեղացրել են Բաքվի համոզմունքը, որ հարցը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
«Պատերազմի ժամանակ էլ պետությունը չկատարեց այն անհրաժեշտ գործառույթները, որոնք պահանջվում են խաղաղությունից պատերազմ անցնելու շրջանում», – ընդգծել է Օհանյանը՝ հավելելով, որ առկա ռեսուրսներով հնարավոր էր նվազագույնը կանգնեցնել հակառակորդին լեռնանտառային պայմաններում։
Ըստ նրա՝ պատերազմի հրահրումը կատարվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության կողմից, որն իր անգործությամբ և սխալ որոշումներով բացել է պատերազմական դռները։