30.04.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը կատարելագործում է սոցիալական ծախսերի փոխհատուցման համակարգը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը հաստատել է որոշում, որը կարգավորում է առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում: Նոր կանոնների համաձայն, 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած անցումային ժամանակահատվածում քաղաքացիներին կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նաև այն դեպքերում, երբ փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ընդունված որոշումը, նշել է, որ շարունակվում է համընդհանուր հայտարարագրման գործընթացի լավարկումը: «Մենք էլ ենք ստրնեղում, թե ինչու այս նրբություններն ի սկզբանե չենք նկատում, բայց երբ օբյեկտիվորեն նայում ես — հատկապես Էստոնիա կատարած այցից հետո այս համոզմունքն ինձ մոտ առաջացել է — որ, միևնույն է բանաձևը ճշգրիտ է. ցանկացած բարեփոխում պետք է գնա, իր պրոբլեմին հանդիպի, որպեսզի այդ պրոբլեմը լուծվի», — ընդգծել է կառավարության ղեկավարը:


Երկուշաբթի օրվա դրությամբ արդեն 37 737 Հայաստանի քաղաքացի հայտարարագիր է լրացրել համընդհանուր նոր հայտարարագրման համակարգում: Նրանցից 17 000-ը պետք է ստանան սոցիալական կրեդիտ, իսկ 16 271-ն արդեն ստացել են այդ միջոցները: «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 միլիարդ 482 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 1,5 միլիարդ դրամ», — հայտնել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ միաժամանակ գեներացվել է 1 միլիարդ դրամի հարկ:


Վարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել թվայնացման հարցին, հատկապես Հայաստանում էլեկտրոնային համակարգերի դանդաղ ներդրման վերաբերյալ քննադատության համատեքստում: «Էստոնիայում 2002 թվականից նույնականացման քարտ ունենալը պարտադիր է: Այսինքն՝ եթե չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել: Հայաստանում, քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացումը չի կարող տեղի ունենալ: Թվայնացման անկյունաքարը ID քարտն է», — բացատրել է Փաշինյանը՝ նշելով, որ Էստոնիայում թվայնացման գործընթացը տևել է 35 տարի:


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ապրիլի 30-ի դրությամբ ստացվել է 96 900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու համար, որոնցից 81 900-ն արդեն տպագրվել են: Բացի այդ, ևս 54 261 անձ սպասում է իր հերթին՝ դիմում ներկայացնելու համար: «Ընդհանուր հաշվարկով շուրջ 151 հազար անձ արդեն ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին», — նշել է նախարարը:
Սարգսյանը նաև ավելացրել է, որ այժմ օրական մշակվում է մոտ 1000 նույնականացման քարտ, սակայն առաջիկայում այս թիվը կրկնապատկվելու է՝ շնորհիվ երկու նոր տպագրական սարքերի համար ձեռք բերված լազերային համակարգի: Եթե 2023 թվականին տրամադրվել է շուրջ 64 հազար նույնականացման քարտ, ապա 2024 թվականին՝ արդեն 161 հազար, իսկ 2025 թվականի առաջին 4 ամիսներին տրամադրված քարտերի քանակը մոտենում է նախորդ տարվա ցուցանիշին:


Ավարտին Նիկոլ Փաշինյանը հերքել է նույնականացման քարտերի և հայտարարագրման համակարգի հետ կապված գործընթացների հնարավոր հետաձգման մասին լուրերը՝ հայտարարելով, որ ոչ մի հետաձգում չի լինելու:

Լուսանկարը` newsarmenia.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով