22.04.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի․ Մամուլ

Լուսանկարը՝ yerevan.today
Լուսանկարը՝ yerevan.today

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․


«Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը, վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ, կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի, սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել:


Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում՝ 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում հնարավոր է կոնսուլտացիաներ սկսվեն Արցախի ներկայացուցչությունում` հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարվի»։


«Փաստ» օրաթերթը գրում է.


"Երեկ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիները 2025– ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, հետագա տարիներին՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2– ից սկսած:


Ճիշտ է, իշխանությունը նշում է, թե ներկա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտ չունեն, իրականում, մեր տեղեկություններով, մարդիկ մեծամասամբ բոյկոտում են քաղաքացիների գրպանը մտնելու՝ փաշինյանական իշխանության հերթական փորձանք-նախաձեռնությունը: Նշենք, որ նախնական տեղեկություններով, մոտ չորս ամսում հայտարարագիր է ներկայացրել մոտ 4 տոկոսը:


Դա է պատճառը, որ չնայած վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ,վարչապետի աշխատակազմից ուղիղ հրահանգ է իջեցվել բոլոր պետական գերատեսչություններին՝ ապահովել իրենց կառուցվածքում աշխատողների համատարած հայտարարագրումը մինչև մայիսի 1-ը: Սրա նպատակն այն է, որ կարողանան ցույց տալ, թե համակարգը ձախողված չէ, ու իբր մարդիկ հայտարարագրում են իրենց եկամուտները":


«Հրապարակ» թերթը գրում է․


«Հերթական բուժհաստատությունների ղեկավարներն են ազատվել աշխատանքից՝ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին: Նազինյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել, եւ, մեր տեղեկություններով, ամենայն հավանականությամբ՝ նրա տեղակալը կնշանակվի ԺՊ: Իսկ ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնում նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական համքարության գնահատմամբ, աբսուրդ նշանակում է արել` վարակաբան Արմեն Օհանյանին է դրել, որն ընդամենը 3 տարի առաջ ակտիվ քննադատում էր նախարարության իրականացրած քաղաքականությունը, առողջապահության պարտադիր ապահովագրման ծրագիրը, բացի այդ՝ կտրականապես մերժում էր քովիդի դեմ պատվաստումը, եթերից եթեր էր գնում՝ բարձրաձայնելով իր տեսակետը։



Բանն այն է, որ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ձեւը պատվաստումներն են, եւ բժիշկները զարմացած են. «Ինչպե՞ս է նման ստրատեգիական կառույց ղեկավարելու մեկը, որը պատվաստումներին դեմ է, չի կիսում ոլորտում վարվող քաղաքականությունը»: Փորձեցինք պարզել նախարարի կարծիքը, մամուլի խոսնակը փոխանցեց․ «Պատվաստումներին եւ առողջապահական մեր քաղաքականությանը դեմ նրա արտահայտած մտքերին ծանոթ չեմ, կխնդրեմ կապ հաստատել պարոն Օհանյանի հետ եւ հարցադրումները նրան ուղղել»»:


 


 

Նիկոլը փորձում է արդարացնել Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան