Գործադիրը երկարաձգել է եկամուտների հայտարարագրի ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունն ապրիլի 17-ի նիստում որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրի ներկայացման ժամկետը մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը։ Սկզբնապես հարկատուները պետք է հայտարարագրերը ներկայացնեին մինչև մայիսի 1-ը։
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը նախաձեռնել է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Փաստաթուղթը նախատեսում է փոփոխել եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և հարկի վճարման վերջնաժամկետները ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում։
Հարկ է նշել, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավոր հայտարարել էր դեռևս այս տարվա հունվարի 31-ին։ Իր որոշումը նա հիմնավորել էր նույնականացման քարտերի ստացման երկարատև հերթերով, որոնք ձգվել են մինչև հունիս, ինչի պատճառով շատ քաղաքացիներ չէին հասցնի լրացնել հայտարարագրերը սահմանված ժամկետում։
Հիշեցնենք, որ վարձու աշխատողները, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1-ը։ Սոցիալական ծախսեր կատարելու դեպքում հայտարարատուն ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։