Կառավարությունը հաստատեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մեխանիզմները
Լուսանկարը` armenia.travel
Հայաստանի կառավարությունն ապրիլի 17-ի նիստում հաստատել է բարձր տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության տրամադրման կարգը։ Ընդունված որոշումը կարգավորում է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված պետական աջակցության հետ կապված հարաբերությունները։
Հաստատված փաստաթղթի համաձայն՝ ընկերությունները կարող են ստանալ աշխատանքային միգրանտների համար եկամտային հարկի 60%-ի չափով փոխհատուցում։ Միգրանտ են համարվում օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք չեն աշխատել Հայաստանում մինչև 2022 թվականի մարտի 1-ը և չեն վճարել եկամտային հարկ (Հայաստանի քաղաքացիները երկքաղաքացիությամբ միգրանտ չեն համարվում)։
Նախատեսված է նաև եկամտային հարկի 60%-ի չափով պետական աջակցություն նոր աշխատողների ներգրավման համար, որոնք նախկինում չեն աշխատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նոր աշխատողի կարգավիճակը վարձու աշխատողը պահպանում է աշխատանքի անցնելու պահից սկսած երեք օրացուցային տարիների ընթացքում՝ անկախ գործատուի փոփոխությունից։
Կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ընկերությունները կկարողանան ստանալ եկամտային հարկի 50%-ի չափով աջակցություն։ Վերապատրաստված է համարվում այն աշխատողը, որը ստացել է հավաստագիր միջազգային ճանաչում ունեցող հարթակներից։ Վերապատրաստման հիմնավորումները կուսումնասիրվեն և կընդունվեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատված կարգով։
2026 թվականի հունվարի 1-ից կգործի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտների համար եկամտային հարկի 60%-ի չափով աջակցությունը։
Ընկերությունները կարող են աջակցության համար դիմել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են միայն նախորդող եռամսյակի համար։ Աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ հարթակի միջոցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել աջակցության մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը. «Շատ կարևոր է, որպեսզի ոլորտը բոլոր նրբությունները հասկանա և ճիշտ արձագանքի»։