Կառավարությունը 1,9 մլրդ դրամ է հատկացրել Տավուշի մարզի ճանապարհների վերակառուցման համար
Լուսանկարը` Sputnik
Ապրիլի 17-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել զգալի միջոցներ հատկացնել Տավուշի մարզի մարզային նշանակության ճանապարհների վիճակի բարելավման համար։
Ֆինանսավորումն ուղղված է չորս ճանապարհահատվածների կապիտալ վերանորոգմանը, որոնք խորհրդային ժամանակներից ի վեր չեն վերանորոգվել և գտնվում են ծայրահեղ անբավարար վիճակում։
Ընդունված որոշման համաձայն՝ վերակառուցվելու են Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային ճանապարհը, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերը միացնող ճանապարհը և Տ-10-39 (Հ-64) Չորաթան (Արծվաբերդ-Չորաթան) ճանապարհահատվածը։
Դեռևս 2023 թվականին այս չորս ճանապարհների վերանորոգման աշխատանքների համար հայտարարվել էին մրցույթներ և կնքվել պայմանագրեր՝ համապատասխանաբար 622,8 մլն, 487,8 մլն, 777 մլն և 481,5 մլն դրամ գումարներով։ 2024 թվականի պետական բյուջեով հատկացվել էր կնքված պայմանագրերի 20%-ի չափով գումար։
Այժմ կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին՝ 503,6 մլն դրամ Թեղուտից մինչև Հաղարծին ճանապարհի կապիտալ վերանորոգման համար, 397,3 մլն դրամ Սևքարից Սարիգյուղ միջհամայնքային ճանապարհի վերանորոգման համար, 630,8 մլն դրամ Բագրատաշենը և Դեբեդավանը միացնող ճանապարհի վերակառուցման համար և 390,7 մլն դրամ Չորաթան (Արծվաբերդ-Չորաթան) ճանապարհի վերանորոգման համար։
Ծրագրերը ներառվել են առաջնահերթ և հրատապ իրականացվող ծրագրերի ցանկում՝ հաշվի առնելով դրանց համապատասխանությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին և Տավուշի մարզի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերին։