19.04.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ենթադրում բոլոր խնդիրների լուծում մեկ փաստաթղթով
prev Նախորդ նորություն

Միրզոյան. Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին՝ կապված ՀՀ Սահմանադրության նախաբանի, ԵԱՀԿ կամ ԵՄ դիտորդական առաքելությունների հետ, շեշտել է, որ դրանց զգալի մասը արդեն հասցեագրված է խաղաղության պայմանագրի տեքստում։ Սակայն ըստ նրա՝ խնդիրը միայն այդ պահանջները չեն։


Այս մասին Միրզոյանը նշել է թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի վերջին հայտարարությունների և պահանջների վերաբերյալ հարցին։


«Եվրոպական դիտորդական առաքելության մանդատը հիմնականում միտված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն և սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն այլևս չի լինի», — նշել է նախարարը։


Նրա խոսքով՝ հենց որ հաստատվի կայունություն սահմանի երկայնքով, այդ առաքելությունն ավարտված կլինի, և որևէ լրացուցիչ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն Միրզոյանը համոզված է՝ այս ամենը վերին շերտերն են, իսկ խնդիրը շատ ավելի խորն է։


«Խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, ոչ թե Մինսկի խումբը, այլ այն, որ մենք երբեմն զգում ենք՝ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում կառուցել խաղաղություն Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ դժվար է ասել, բայց մեզ մոտ իրական մտահոգություն կա, որ նրանք չեն ցանկանում կարգավորումն ավարտին հասցնել և ստորագրել պայմանագիրը», — ընդգծել է նախարարը։


Նրա խոսքով՝ Հայաստանը խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում ներկայացրել է մի շարք հիմնավորված և իրատեսական առաջարկներ, որոնք վերաբերում են հաղորդակցության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը, փոխադարձ վերիֆիկացիայի մեխանիզմներին և սպառազինությունների վերահսկման ուղղությանը։ Սակայն այդ առաջարկներին կառուցողական արձագանք չի ստացվել։


«Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտելու մեջ», — նշել է Միրզոյանը։


Նախարարը նաև մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունն ու որոշ գործողություններ իրական հողի վրա կարող են հանգեցնել լարվածության նոր փուլերի։


«Եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է՝ Ադրբեջանը նոր ագրեսիայի պլաններ ունի Հայաստանի նկատմամբ, այդ թվում՝ վերահսկողություն հաստատելու նպատակով մեր ինքնիշխան տարածքների վրա», — ասել է Միրզոյանը։


Նրա համոզմամբ՝ իրական պատասխանները հնարավոր կլինի ստանալ միայն այն ժամանակ, երբ պարզ կդառնան Ադրբեջանի իրական մտադրությունները։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ։

Միրզոյան. Մենք չենք մոռանում պատմությունը, բայց ընտրում ենք ապագան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար