Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմային՝ նշելով, որ, չնայած վերքերը թարմ են, Հայաստանի մոտեցումը պայմանավորված է ապագային միտված քաղաքականությամբ։
Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ ըստ որի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ, կարելի՞ է դիտարկել որպես նոր էջի բացում հայ-թուրքական հարաբերություններում, Միրզոյանը պատասխանել է.
«Վարչապետն այդպես է ասել։ Ավելին՝ ես ինքս դա ասել եմ խորհրդարանում։ Բայց գիտեք, պատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն։ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, և բոլորովին այլ բան՝ ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է», — նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ առաջ շարժվելու համար անհրաժեշտ են քաջություն, ըմբռնում և կենտրոնացում ապագայի նկատմամբ։
«Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ կառուցել ավելի լավ ապագա։ Սա ընտրության հարց է՝ ի՞նչ ենք մենք ընտրում», — նշել է Միրզոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք կարելի է վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունները դիտել որպես աննախադեպ հայ պաշտոնյաների կողմից, Միրզոյանը արձագանքել է.
«Այդպես ասելու համար պետք է մի փոքր խորանալ։ Կարծում եմ՝ նախկինում էլ են եղել նախանշաններ Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի անգամ մեզ հաջողվեց նույնիսկ արձանագրություններ ստորագրել, սակայն հետո դրանք չվավերացվեցին», — նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը երբեք չի եղել միակողմանի, և հաջողություն կարող է լինել միայն փոխադարձ ցանկության ու համատեղ ընտրության պարագայում։