ԱԺ-ն մեկնարկեց քառօրյան. ՔՊ-ն նոր պատգամավոր ունի
Ազգային ժողովն ապրիլի 15-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 25 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Մեհրաբյանին:
Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ նիստում երդվել է:
Արտյոմ Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը:
Խորհրդարանը հաստատել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, որից հետո սկսել հարցերի քննարկումը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար տեղի է ունեցել քվեարկություն: Նախագիծը չի ստացել դրական եզրակացություն: