Մեծ Հաղթանակը՝ արցախցի երեխաների աչքերով ու սրտերում
Ֆաշիզմի դեմ պայքարն ու Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը արցախցի երեխաների ասմունքում, երգերում ու կտավներում: «Մեծ հայրենական պատերազմում մեր հաղթանակի 80-ամյակը արցախցի երեխաների սրտերում» խորագրով մրցույթին մասնակցում է շուրջ 50 պատանի՝ 11-16 տարեկան:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նախորդող երկու ամիսների ընթացքում խոշորածավալ մի շարք ծրագրեր է իրականացրել , որոնք նվիրված են մեր պատմության այս կարևոր էջին: Ինչպես իր խոսքում հայտարարեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանը՝ այս ծրագիրը դրանցից մեկն է.
«Հաղթանակի խորհուրդը բոլորիս համար չափազանց կարևոր է և մեզ համար չափազանց կարևոր էր Արցախի մեր մանուկների ներգրավվածությունը, որովհետև առավելապես Արցախի ժողովուրդը և արցախցի փոքրիկներն այսօր առավել քան երբևէ ունեն հաղթանակի գաղափարի կարևորման կարիքը»,- նշեց Տոնոյանը:
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 45 հազար արցախցի, 23 հազարը չեն վերադարձել: 23 արցախցի արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման, իսկ օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի: Խորհրդայի միության 5 հայ մարշալներից 3-ը՝ արցախցի է:
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մեզ այսօր դրսից մեղադրում են ֆաշիստական նկրտումների մեջ, երբ մենք մեր անմնացորդ մասնակցությունն ենք ունեցել իսկական ֆաշիզմի ջախջախման գործում։
«Մեզ այսօր փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը։ Երկրորդ համաշխարհայինում մենք՝ հայերս, եղբայրական ռուս ժողովրդի կողքին, խորհրդային պետության մաս կազմող մյուս ժողովուրդների հետ ուս ուսի պայքարել ենք իրական ֆաշիզմի դեմ՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը և մեր արժանապատվությունը։ Մենք՝ հայերս, մեր անջնջելի մասնակցությունն ենք ունեցել նաև Ֆրանսիական դիմադրության կազմակերպման գործում՝ ընդդեմ նույն ֆաշիզմի։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը կարևորագույն տարեդարձ է բոլոր քաղաքակիրթ և խաղաղասեր ժողովուրդների համար»: