12.04.2025
Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ»
prev Նախորդ նորություն

Հայաստան-Իրան զորավարժությունները պատասխան են ապակայունացման փորձերին. փորձագետ

Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը չափազանց կարևոր է համարում Հայաստանի և Իրանի զինված ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների անցկացումը՝ շեշտելով, որ դա կարող է ամուր հիմք հանդիսանալ ռազմական ոլորտում հետագա երկկողմ գործընկերության խորացման համար։ Փորձագետը նաև պատահական չի համարում, որ հենց այս օրերին են անցկացվում զորավարժությունները՝ մատնանշելով այն հանգամանքը, որ ներկայում որոշ տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը նման տեսակետ է հայտնել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությանն ու նշանակությանը։


 «Այս համատեղ զորավարժությունները ցույց են տալիս, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության է ձգտում և շարունակում է ունենալ իր կարմիր գծերն ու ցանկանում է, որ բոլորը հարգեն դրանք․ Թեհրանի կարմիր գծերը Հարավային Կովկասում առաջին հերթին կապված են հայ-իրանական միջպետական սահմանի անվտանգության և անխախտելիության հետ։ Սրանով Թեհրանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբեք թույլ չի տա, որ այդ սահմանը խախտվի կամ էլ ինչ-որ ներխուժում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,-ընդգծել է Մովահեդիանը։


Նա նաև մատնանշել է, որ հայ-իրանական զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում և նպատակադրված են միայն ապահովել երկու երկրների միջև հազարամյա սահմանի անվտանգությունը։


«Իրանը նաև ցույց է տալիս, որ տարածաշրջանում առկա խնդիրներն ու հիմնահարցերը պետք է լուծվեն համագործակցային և բանակցային մթնոլորտում։ Սակայն, եթե Իրանի ու Հայաստանի հարևաններից որևէ մեկը կարծում է, որ կարող է իր ցանկությունները պարտադրել՝ ճնշում գործադրելով Երևանի կամ Թեհրանի վրա, ապա մենք դա երբեք թույլ չենք տա»,-շեշտել է իրանցի փորձագետը։


Էհսան Մովահեդիանը նաև մանրամասնել է, որ Հայաստանի ու Իրանի զինված ուժերի միջև անցկացվող զորավարժությունները վաղուց են ծրագրված եղել՝ կողմերի միջև նախկինում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, սակայն Իրանի Նոր տարվա՝ Նովրուզի տոնակատարությունների անցկացման հանգամանքով պայմանավորված՝ զորավարժությունների անցկացումը տեղափոխվել է ապրիլ ամիս։


«Վստահ եմ, որ որոշ հարևան երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև Իսրայելը կամ Միացյալ Թագավորությունը, կստանան այս ուղերձը և Հարավային Կովկասի տարածաշրջանում որևէ լարվածություն առաջացնելու նպատակով քայլեր ձեռնարկելուց առաջ մի քանի անգամ կմտածեն»,-ընդգծել է իրանցի միջազգայնագետը։


Անդրադառնալով դիտարկմանը, որ սա առաջին զորավարժությունն է Հայաստանի և Իրանի զինված ուժերի միջև՝ Մովահեդիանը դրական է արձագանքել՝ շեշտելով, որ համատեղ զորավարժությունները կարող են համագործակցության հետագա խորացման ամուր հիմք դառնալ։


«Ակնհայտ է, որ այս համատեղ զորավարժություններն անցկացվում են այնպես, որ տարբեր կողմեր չկարողանան առարկել կամ նշել, որ դրանք իրենց դեմ են ուղղված, քանի որ զորավարժությունները թեև համատեղ են, սակայն անցկացվում են երկու երկրների տարածքներում՝ յուրաքանչյուր կողմն իր տարածքում։ Սա նաև նշան է, որ կողմերը ցանկանում են իրենց հարգանքն արտահայտել միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ պատրաստ են քայլեր ձեռնարկել միջպետական սահմանի ապահովման համար։ Կարծում եմ, որ սա առաջին անգամվա համար լավ նախաձեռնություն է՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ կողմերի նպատակները նույնական են»,-նշել է իրանցի փորձագետը՝ վստահություն հայտնելով, որ գալիք ամիսների ընթացքում հայ-իրանական ռազմական համագործակցությունն էլ ավելի կխորանա։


Նա նաև կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր է կազմակերպվեն նմանատիպ համատեղ զորավարժություններ, բայց այդ անգամ արդեն մեկ երկրի՝ Հայաստանի կամ Իրանի տարածքում։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ապատեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի զինված ուժերն իբր խախտում են սահմանային հանգստությունը՝ Էհսան Մովահեդիանը նաև հետաքրքիր է համարում հայ-իրանական համատեղ զորավարժությունների անցկացման համար ընտրված ժամանակահատվածը։


«Դա Ադրբեջանի վատ սովորույթն է․ ամեն անգամ, երբ նրանք մի ինչ-որ նոր բան են ցանկանում պարտադրել Հայաստանին կամ Հայաստանի դեմ նոր ռազմական հարձակում են նախապատրաստում, ասում են, թե հայկական կողմը խախտում է հրադադարը։  Բոլորս էլ գիտենք, որ սա աբսուրդ է և ապատեղեկատվություն։ Հենց նման դեպքերի համար են կարևորվում հայ-իրանական համատեղ զորավարժությունները։ Թեհրանը ցույց է տալիս, թե որքան է կարևորում Հայաստանի հետ սահմանը»,-նշել է Մովահեդիանը։ 


Փորձագետի բնորոշմամբ՝ որոշ մարդիկ, պաշտոնյաներ, փորձագետներ կարծում են, թե Իրանի իշխանությունների փոփոխությամբ կարող է փոխվել նաև Թեհրանի քաղաքականությունը՝ ներառյալ Իրանի նախանշած կարմիր գծերը։ Նա վստահեցնում է, որ դա սխալ կարծիք է, քանի որ այդ կարմիր գծերն Իրանի պաշտպանության ռազմավարության, դոկտրինի մաս են կազմում և չեն կարող փոփոխությունների ենթարկվել իշխանությունների փոփոխմամբ։ 


«Բոլորը պետք է ընդունեն և հասկանան, որ Հայաստանի հետ Իրանի սահմանի անքակտելիության վերաբերյալ Թեհրանի հայտարարություններն ու կարմիր գծերը չափազանց լուրջ են»,-եզրափակել է Էհսան Մովահեդիանը։


Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՊՆ-ն մանրամասնել էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։