Շտայնմայերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Լուսանկարը` Sputnik
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Գերմանական պետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և ծաղիկներ է խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հուշահամալիր այցի ընթացքում Գերմանիայի նախագահին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այս այցը Շտայնմայերի՝ որպես Գերմանիայի նախագահ Հայաստան և Ադրբեջան կատարվող առաջին պաշտոնական ուղևորության մասն է, որն ընթանում է մարտի 30-ից ապրիլի 2-ը։ Ըստ Գերմանիայի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության, Հայաստանում այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այցելություն «ԹՈՒՄՈ» տեխնոլոգիական կրթական կենտրոն և մասնակցություն մշակութային ընդունելությանը։
Նախատեսված է նաև այցելություն Դիլիջան, որտեղ դաշնային նախագահը կհանդիպի հայ կին ձեռներեցների հետ և կծանոթանա քաղաքաշինական ծրագրին։ Այցի ընթացքում Շտայնմայերը կայցելի Սևանա լճի եկեղեցին և Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, որը համագործակցում է Հելմհոլցի անվան էկոլոգիական հետազոտությունների կենտրոնի հետ։
Հայաստանից հետո գերմանացի առաջնորդը կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ, կայցելի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Բաքվի պատմական կենտրոնը և կզրուցի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ հանդուրժողականության և փոխըմբռնման մասին։ Այցի ծրագրում նաև ներառված է մասնակցություն Ադրբեջանում կանանց վիճակին նվիրված կլոր սեղանին։
Հարկ է նշել, որ Բունդեսթագը 2016 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։