Հրապարակվել են Գյումրիի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Լուսանկարը` abc
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 08:00-ի դրությամբ հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 81-ի քվեարկության արդյունքները։ Նախնական տվյալներով, առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, որի օգտին քվեարկել է ընտրողների 36,80%-ը (16 938 ձայն)։
Երկրորդ տեղում հայտնվել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարությամբ, որը ստացել է 20,71% (9 537 ձայն)։ Երրորդ հորիզոնականում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը՝ 15,85% (7 296 ձայն)։
Մնացած քաղաքական ուժերի արդյունքները հետևյալն են. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան) — 7,94% (3 659 ձայն), «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան) – 6,18% (2 844 ձայն), «Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան) – 4,50% (2 071 ձայն), «Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան) – 3,60% (1 658 ձայն), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Կարաղազարյան) – 3,01% (1 387 ձայն), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան) – 1,39% (642 ձայն)։
Այսպիսով, նախնական արդյունքներով, Գյումրիի ավագանում տեղ կապահովեն հինգ քաղաքական ուժեր (կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար՝ 6%). «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան), Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան), «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան), «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)։