Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանը հայտարարել է, որ իրական խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անհնար է առանց արդարության հաղթանակի, մասնավորապես՝ առանց բոլոր հայ գերիների, այդ թվում՝ իր ընկերոջ՝ Ռուբեն Վարդանյանի ազատման:
«Անխզելի կապ կա արդարության և իրական կայուն խաղաղության միջև: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհով չեն գնա, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել՝ ազատ արձակելով իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին և մյուս բանտարկյալներին», - գրել է Աֆեյանը X սոցիալական ցանցում իր էջում:
Գործարարը նաև արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջերս արված հայտարարությանը, որը կոչ էր արել ավարտել հակամարտությունը Հարավային Կովկասում և ազատել բանտարկյալներին: «Մայք Ուոլցի խոսքերն ինձ հույս են տալիս, որ ԱՄՆ-ն կապահովի ադրբեջանցիների կողմից այդ պահանջների անհապաղ և անվերապահ կատարումը», - ավելացրել է Աֆեյանը:
Հիշեցնենք, որ իր ուղերձում Ուոլցը նշել էր. «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել են խաղաղության պայմանագիր կնքել։
Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի ողջ աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»:
Այս տեղեկատվությունն արդիական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին վերջին հայտարարությունների, ինչպես նաև ադրբեջանական կողմից նախկինում տարածված՝ հրադադարի ռեժիմի իրբ թե ենթադրյալ խախտումների մասին հաղորդագրությունների ֆոնին: Ադրբեջանի ՊՆ-ն դրանում մեղադրել է հայկական կողմին, որը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է:
Փորձագետներն այս հաղորդագրություններում, համադրելով ադրբեջանական պրոկառավարական լրատվամիջոցներում և Telegram ալիքներում շրջանառվող՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի վրա իբր շուտով հարձակման մասին տեղեկությունների հետ, տեսնում են Բաքվի կողմից նոր ռազմական էսկալացիայի համար տեղեկատվական հիմք ստեղծելու փորձեր: