14.03.2025
Սիրիահայերին օգնելու հարցով խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Փաշինյան

Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի, և այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, թե առիթ ունեցել է և բոլորովին վերջերս հոդված է հրապարակել այդ թեմայով, որի հիմնական իմաստն այն էր, որ ՀՀ-ն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից է, և առաջին հերթին հենց մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում ՀՀ-ն է շրջափակման մեջ։ Փաշինյանը մատնացույց արեց՝ ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չէ, մենք 4 սահման ունենք, որից երկուսն ամբողջությամբ փակ է և այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է և ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։


"Շատ հղում է արվում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա։ Ես հասկանում եմ, որ միջանցք բառն այլ տարածաշրջաններում և միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում այնտեղ կա մի նրբություն, այնտեղ կա Լաչինի միջանցք արտահայտություն, որն այս համատեքստում որոշակիորեն, այսինքն՝ դա գրված և ստորագրված է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի:


Եվ ավելին, շատ է խոսվում այն մասին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա դրույթ, որ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տեղափոխման անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրների ներկայացուցիչներ և ուժեր. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան ընդհանրապես չկա: Ավելին՝ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների երթևեկությունը, անցուդարձը: Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունն երաշխավորել անվտանգությունը, եթե ինքը չի ապահովելու անվտանգությունը։


Բայց նաև ուզում եմ եռակողմ հայտարարության հետ կապված հետևյալ դիտարկումն անել, որ եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։ Օրինակ, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: Ավելին՝ ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն։ Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը՝ փախստականների թիվը մեծացել է, և տեղի է ունեցել բռնի տեղահանում և այլն: Ես նկատի ունեմ, դա լավ մոտեցում չէ՝ եռակողմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական. տեղ-տեղ ասել՝ այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել՝ այն ուժ ունի, ընդ որում՝ վերագրելով նրան դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ի վերջո, դա հրապարակային փաստաթուղթ է։


Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին. պատրա՞ստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ այո, իհարկե պատրաստ է: Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը, մեր կարծիքով, ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ լուծում է խնդիրը երկաթուղային բեռնափոխադրումների մասով: Եվ մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։


Բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա: Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները և՛ ներքին, այսինքն ՝Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար։


Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ, Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն՝ հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա, և երկաթուղային կապն անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով։ Այսինքն՝ սա ենթադրում է, և հետևաբար՝ մենք ասում ենք, որ իհարկե պատրաստ ենք ապահովել երկաթուղային կապը և ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաև Հայաստանի, մասնավորապես՝ Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար, որովհետև լեռնային, խիստ լեռնային ռելիեֆի բերումով Հայաստանի տարածքով հարավից դեպի հյուսիս երկաթուղի ունենալու բարդություններ կան:


Միևնույն ժամանակ՝ մեր ընկալմամբ, սա նշանակում է նաև Ադրբեջանից երկաթուղային կապի ստեղծում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, ընդ որում՝ ավտոմոբիլային տրանսպորտի կապի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով կարող է կապվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ: Իհարկե, այս պարագայում նաև ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում և այլն:


Մենք պատրաստ ենք այս լուծումներին։ Եվ մեզ հասկանալի չէ՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին և ընդհակառակը՝ փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։ Այսինքն՝ հարցն ունի շատ հստակ պատասխան. արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Այո, պատրաստ է։ Եվ ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի տարածքով նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան երկաթուղային կապի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել։


Իմիջիայլոց՝ ես իմ վերջին հոդվածում ընդգծել էի, որ եթե մյուս պայմաններում, մյուս պարագաներում դեռ ենթակառուցվածքային ներդրումներ անելու անհրաժեշտություն կլինի, բայց հենց այսօր քաղաքական և իրավական որոշման պարագայում ավտոտրանսպորտային հաղորդակցություն է հնարավոր ապահովել Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան Մարգարայի անցակետով, որտեղ ենթակառուցվածքները պատրաստ են, ճանապարհները նորմալ վիճակում են, մինչև Տեղի սահմանային կետ, որից այն կողմ արդեն Հայաստանից Ադրբեջան սահմանի հատումով Լաչին և այնտեղից Ադրբեջանի խորք։


Այսինքն՝ հենց այսօր, և ես դրա մասին հրապարակային հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք նաև այսպիսի ավտոմոբիլային կապ ապահովել և որն արտահայտված է և այս ընկալումների համախումբն է, որը մենք անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Ընդ որում՝ մենք հատուկ ընտրել ենք այդպիսի անուն այդ նախագծին, որ մեր հարևան երկրներից ոչ մեկում ալերգիա չառաջացնի այդ անունը։ Եվ կարծում եմ, որ սա մեր կառուցողական դիրքորոշման և դիրքավորման շատ ուղիղ հիմնավորում է",- հավելեց Փաշինյանը։

Այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է. Փաշինյանը՝ Բաքվում գերիների մասին
Հաջորդ նորություն next