Երևանին և Բաքվին առաջարկվել է ներդնել անհայտ կորածների ԴՆԹ համեմատության մեխանիզմ
Լուսանկարը` Sputnik
Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է ներդնել ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անհայտ կորածների հարցը լուծելու համար: Այս նախաձեռնությունը ներառված է Հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի իրավիճակին նվիրված զեկույցներում:
Վերջերս Բաքվում ներկայացված զեկույցում Հանձնաժողովը նշում է, որ երկու երկրներում էլ կան անհայտ կորած անձինք ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմների ժամանակ: Ընդ որում, ռազմական գործողությունների գոտում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին: Առաջարկված մեխանիզմի ներդրումը կարող է դառնալ նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը:
«Այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար իրենց հարցերին պատասխաններ ստանալու հնարավորությունից, նաև կնպաստի համագործակցությանն ու հաշտեցմանը: Դա հնարավորություն կտա ցուցադրել հավաքական հավատարմությունը անհայտ կորած անձանց որոնման խնդրի լուծմանը, ինչը դուրս է ազգային սահմաններից», – ասված է զեկույցում:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ առաջին արցախյան պատերազմի ժամանակ իբր շուրջ 4 000 ադրբեջանցի սպանվել և թաղվել են զանգվածային գերեզմաններում՝ մեղադրելով Հայաստանին նրանց մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ: Երևանը կասկածի տակ է դնում այս հայտարարությունները:
Երևանը բազմիցս հայտարարել է ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու նպատակով: 2020 թվականից Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցու դիակ, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցու մասունքներ:
Սակայն Բաքվի հայտարարած 4 000 անհայտ կորածների թիվը Երևանում կասկածի տակ են դնում՝ նշելով, որ չունեն նման տվյալներ, իսկ անհայտ կորածների թվի ճշգրտումը երկարատև գործընթաց է:
Իր հերթին, Հայաստանը բարձրացնում է շուրջ 1 200 անհայտ կորածների ճակատագրի հարցը: Պաշտոնական տվյալների համաձայն, 1990-ականների սկզբից անհայտ կորածների ցուցակում գրանցված է 993 հայ: 44-օրյա պատերազմից հետո անհայտ կորած են համարվում շուրջ 200 հայ զինծառայող: