10.03.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA) ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն այսօր ավելի մոտ է, քան երբևէ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի միջպետական հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա:


«Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ», - ընդգծել է նախարարը:


Միևնույն ժամանակ, Միրզոյանը ուշադրություն է հրավիրել առկա հումանիտար խնդիրների վրա. «Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը: Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին»:


Տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը ներկայացրել է կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հարավային Կովկասի բոլոր երկրների միջև:


Նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ լիարժեք կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Կողմերը պայմանավորվել են համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը և բացել սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:


Ելույթում ընդգծվել է նաև Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության կարևորությունը: Միրզոյանը նշել է սերտ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը, Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությունը:


«Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ», - եզրափակել է Միրզոյանը:


Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Բաքուն հաստատում է 23 հայ գերիների առկայությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, թեև հայկական կողմն ունի փաստացի տվյալներ, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերիների:

 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը