6.03.2025
Սյունիքով անցնող ճանապարհին երրորդ ուժերի մասին խոսակցություններն անընդունելի են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Միացյալ Նահանգների հետ էլ մեր հարաբերությունները նորություն չեն․ Փաշինյան

Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության ներքո մենք զարգացնում ենք մեր բոլոր գործընկերների հետ հարաբերությունները: Միացյալ Նահանգների հետ էլ մեր հարաբերությունները նորություն չեն, և այո, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, ընդ որում՝ բոլորովին վերջերս է ստորագրվել այդ փաստաթուղթը, և մենք պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել։ Այս մասին Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հույս ունի՞, որ Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կկիրառվի։


«Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ դա հրապարակային փաստաթուղթ է, և ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, գործընկերների, մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։


Դիտարկմանը, թե ԱՄՆ-ն է, չի կատարում իր հանձնառությունները, Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը բոլոր հարաբերություններում փորձում է հաշվի առնել նաև տարածաշրջանային շահերը և շարունակելու է այս գործելակերպով առաջնորդվել։


Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Թրամփի իշխանության գալուց հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.


«Դե գիտեք, Միացյալ Նահանգներում ընդամենը մի ամիս առաջ է նոր վարչակազմ ձևավորվել և նոր վարչակազմի ձևավորման ու նոր վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար: Այդ ադապտացման փուլն անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն»։