2016թ. նոտար Մամիկոն Ասլանյանին Սերժ Ազատիչը օգտագործեց Վանաձորի քաղաքային իշխանությունը պահելու նպատակով: Չնայած վարչական ռեսուրսի մասսայական կիրառմանը Հանրապետականը՝ ի դեմս Ասլանյանի չհաղթեց: Ասլանյանը չկարողացավ արժանապատվորեն ընդունել պարտությունը և դիմեց մանդատագողության: Ճիշտ այնպես, ինչպես արեց Ավինյանը Երևանում:
2018թ. հեղափոխությունից հետո պարզվեց, որ Ասլանյանը մանդատագող Հանրապետականը չէ: Այլևս նա հեղափոխության կանոններով շարժվող քաղաքապետ է, ով պատրաստվում է հաջորդ ընտրություններում լինել ՔՊ թեկնածու: Քանի դեռ ԼՀԿ-ն խորհրդարանում հեղափոխական ալիքին հակառակ պայքարում էր ՔՊ ինքնիրավչության դեմ, Ասլանյանը ամեն կերպ հաճոյանում էր իշխանության ներկայացուցիչներին՝ վերից վար:
2020թ. պատերազմը և հաջորդող քաղաքական գործընթացները փոխեցին Ասլանյանի պլանները: Այլևս նա Հանրապետական չէր, ՔՊ-ական էլ չէր: 21թ. ընտրություններում Ասլանյանը քոչարյանական էր՝ աջակցում էր «Հայաստան» դաշինքին: Վանաձորում սա բոլորը գիտեն:
2021թ. Վանաձորի ՏԻՄ ընտրությանը Ասլանյանը իր ընտրական ցուցակում ընդգրկում է «Հայաստան» դաշինքի բազմաթիվ ներկայացուցիչների, բայց զուգահեռ բանակցում է ՔՊ-ի հետ առ այն, որ մեծամասնություն չստանալու պարագայում նա կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, այնպես, ինչպես արել են բազմաթիվ ընդդիմադիր քաղաքապետներ: Այս մասին նա անթաքույց խոսեց իր վերջին հարցազրույցում:
Պրիմիտիվ տրամաբանությունը հուշում է, որ եթե չլիներ նման համաձայնություն, Ասլանյանը կկալանավորվեր մինչ ընտրությունները: Ինչպես հիշում եք այդ ընթացքում ՔՊ լիազոր բանակցողը Արսեն Թորոսյանն էր:
Ասլանյանը փորձում է քաղաքապետ դառնալ առանց ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու և հաշված օրերի ընթացքում կալանավորվում:
Որ Ասլանյանի կալանավորման գլխավոր շարժառիթը քաղաքական էր, դա պարզ է, բայց դե դրա մասին պետք էր մտածել բոլորի հետ պայմանավորվելուց ու բոլորին «քցելուց» առաջ:
Հիմա, երբ նա այլևս պետք չէ ոչ «Հայաստան» դաշինքին և ոչ էլ ՔՊ-ին, Ասլանյանը անառակ որդու նման վերադառնում է քաղաքական հոր՝ Սերժ Ազատիչի մոտ: Հանրապետականի ռեսուրսների աջակցությունը Ասլանյանին այնքան ակնառու է, որ առանց մատնացույց անելու էլ դա պարզ է:
Այսքան տարիներ անց, որ Մամիկոն Ասլանյանը նույն հանրապետական մանդատագողն է, դա էլ է պարզ: Բայց փաստորեն հեղափոխությունը այլ հատկանիշ էլ նրան ավելացրեց. եթե նա ճիշտ է ասում, թե Էդմոն Մարուքյանն իրեն ասել է, որ կալանավորելու են, ապա ի՞նչ է ստացվում: Մանդատագողությունից տարիներ անց Մարուքյանը բարեկամաբար, առանց քեն պահելու նախազգուշացրել է կալանավորվելու մասին, իսկ ինքը եկել եթերում պատմում է դա: Դրանից հետո նա ոչ միայն ուրացող է վտանգի մասին իրեն տեղեկացնողի նկատմամբ, այլ նաև շարքային բանսարկու, ով դրա մասին հայտարարում է եթերով: Ենթադրում եմ Վանաձորում դա այլ բառով են բնորոշում, բայց դա մեջբերելով գրառումը ցենզուրայից դուրս չդնենք:
Անգամ սուտն ու կեղծիքը պետք է տրամաբանված լինի: Համ ասում է Մարուքյանին ճնշել են, համ ասում է պաշտոն են խոստացել: Պաշտոնո՞վ են ճնշել, թե՞ գերեզմանի հողեր է ծախել, ճնշել են քրեական գործ հարուցելու սպառնալիքով, դա էլ թող Ասլանյանի հուշարարները մտածեն:
Այսուհետ Սերժ Ազատիչը Ասլանյանին կօգտագործի որպես Մարուքյանի և ընդհանրապես Լուսավորի դեմ խոսնակ, ինչին մենք պատրաստ ենք: Իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք մեր արձագանքներին:
ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյան