12.02.2025
Լուսանկարը` healthpolicy.fsi.stanford.edu
prev Նախորդ նորություն

Բաքուն ու Երևանը աշխատում են սինխրոնիզացված․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանության գալու օրվանից Նիկոլ Փաշինյանը փորձում է պատժել նախկին նախագահներին: Այժմ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության արդեն երկրորդ փուլն է ընթանում: Եվ երեկ Ռ. Քոչարյանն ասել է.


«Այսօր Բաքվում էլ է նիստ` 3 նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ... սինխրոնիզացված պրոցես է գնում»։


Բայց սինխրոնիզացիան միայն Արցախի ու Հայաստանի նախագահների դեպքում չի գործում, այլ նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների` Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանին են դատում, Երեւանում` Միքայել Արզումանյանին:


«Հրապարակը» գրում է ․ Չնայած իշխանական հերքումներին, որ արտահերթ ընտրությունների հարցն իրենց օրակարգում չէ, սակայն քաղաքական զարգացումները եւ իշխանության քայլերը շարունակ դրա մասին են հուշում։ Վերջին շրջանում կրկին ակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի թիրախում այժմ արդեն ոչ թե նախկիններն են, Արցախի ղեկավարները, այլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Բաբայանն ու Արամ Սարգսյանը բացահայտ պատերազմի մեջ են մտել՝ Վազգեն Սարգսյանի եւ Մեղրիի հանձնման, Բաբայանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու թեմայով: Ըստ որոշ աղբյուրների, Փաշինյանն անհանգստություններ ունի արեւմտամետների աճող վարկանիշի հետ կապված եւ խրախուսում է նրանց ուղղված հարվածները: Եվ, առհասարակ, առաջնորդվում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով ու փորձում է «ուղղորդել» արցախցիների քվեները, որ դրանք արմատական ընդդիմությանը չհասնեն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել: Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, և չկա թեկնածու, որը մեծամասնություն կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին: Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր, բայց և լարված: Ինչպես հայտնի է, արդեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Նաև ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանն է լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ առաջնորդելու է «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը: Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերն են հայտարարել մասնակցության մասին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով:


Այսպիսով՝ դեռ այս պատկերն է տվյալ պահի դրությամբ, որը կարող է փոխվել, քանի որ առաջադրման մտադրություններ ունեն շատերը, բայց չգիտեն՝ ում հետ, ինչպես: Իսկ ինչ է մտածում իշխանությունը: Քանի որ ՔՊ ներսում լարված վիճակ է, Սարիկ Մինասյանի դեմ աշխատում է Գյումրու կուսակցականների մի թև, մարզային իշխանությունը, ուստի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նախ պետք է ներսում հաղթահարի մրցակցությունը: Թեեւ նրան ասվել է, թե «ամեն ինչ կարվի, հանգիստ», բայց իրականում խնդիրներ կան: Վարդան Ղուկասյանի հայտվելը լուրջ խնդիր է մասնակիցների համար, քանի որ նա Գյումրիում ունի ռեալ ձայներ: Որքան էլ փորձ է արվում կապել նրան «կրիմինալի» հետ, այնուամենայնիվ, Ղուկասյանը ձայներ ունի: Ձայներ ունի նաև Մարտուն Գրիգորյանը, որը ոխերիմ հարաբերությունների մեջ է Ղուկասյանների հետ: Նրանց թշնամությունը տարիների պատմություն ունի:

Ռուբեն Մխիթարյանը հաջորդն է այս ցուցակում, քանի որ «թարմ մարդ» է քաղաքականության մեջ ու քաղաքային կյանքում: Ինչ կլինի մյուս ուժերի դեպքում, ով ում կմիանա՝ բարդ է ասել: Ու սա նշանակում է, որ Գյումրին երկար ժամանակ չի ունենա քաղաքապետ, քանի որ դժվար է պատկերացնել, թե նշվածներից ով կմիանա ՔՊ-ին, որը դարձել է «ամոթ» այդ քաղաքում: Միաժամանակ բարդ է ասել, թե իշխանությունը ում վրա ինչ ճնշումներ կբանեցնի` Մամիկոն Ասլանյանի վանաձորյան օրինակով: Միակ բանը, որ ակնհայտ է, այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել այդ ընտրությունները, որ քարոզարշավը տանի այդ ուղղությամբ: «Թե՞ ուզում եք նորից կրակոցներ ու սպանություն լինի, եթե չեք ուզում, ընտրեք ՔՊ-ին». սա է լինելու ՔՊ խաղաթուղթը»:


«Հրապարակը» գրում է ․ Չնայած իշխանությունը, ի դեմս սյունեցի պատգամավորների, նախօրեի երեկոյան տեղեկատվական արշավով փորձեց ցույց տալ, որ ԶՊՄԿ աշխատակիցների 11-օրյա գործադուլն ավարտվեց իրենց գործուն ջանքերով` ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը բանակցել են կոմբինատի ղեկավարության եւ ցուցարարների հետ ու հասել արդյունքի, սակայն իրականում իրավիճակը հանգուցալուծվել է գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի շնորհիվ, որտեղ տնօրենը սպառնացել է անուններ հնչեցնել, թե ովքեր են կանգնած դրա ետեւում։ Իշխանությունն էլ որոշել է առաջ ընկնել եւ հարցը կարգավորել: Ըստ որոշ լուրերի, իշխանական ամենաբարձր մակարդակից են հովանավորել աշխատողների ընդվզումը:


Բանն այն է, որ իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը, եւ իշխանության վերնախավից կոմբինատի ղեկավարությանը հորդորել են պայմանագրերը կնքել այդ ընկերության հետ: Վարչապետի աշխատակազմից էլ փորձել են օգտվել օրինաչափ դժգոհություններից եւ հասնել նրան, որ փոխվի կոմբինատի տնօրինությունը։ Մի խոսքով, տարբեր շահեր են համընկել: Մյուս կողմից, տարօրինակ է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում ընդհատակ էր անցել: Երեկ Խուդոլին հայտարարեց. «Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների եւ գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական եւ տնտեսական նշանակությունը մարզի եւ ՀՀ-ի համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան առեւանգել են: ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել: «Մայր Հայաստանից» «Ժողովուրդ»-ին մանրամասներ են ներկայացրել միջադեպից: Պարզվում է, երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ավելի ուշ պարզել են, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն: Թե ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել: Հավանաբար, նման ճնշումների միջոցով իշխանությունները փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքն ու սոցիալական բունտը:»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական իշխանության նկատմամբ հարգանքի, դատական անկախության մասին ԱԺ ամբիոնից հայտարարություններ անող ՔՊ-ականները հրաժարվում են դատարան ներկայանալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցում են դատարան ներկայանալ, սակայն վերջիններս չեն ներկայանում: Իսկ ինչ քրեական վարույթի մասին է խոսքը։


Դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված, ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։


Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ. Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով: Վերջիններս (Ռոմանոս Պետրոսյան, Գագիկ Մելքոնյան, Գուրգեն Արսենյան) այս գործով տուժող են ու պետք է գնան դատարան՝ ցուցմունք տալու: ՔՊ-ականները հենց այս գործով տուժող են, սակայն դատարան չեն ներկայանում:»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ֆիասկոն (հիշեցնենք՝ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, ապա 2025 թվականի հունվարի մեկից) մինչեւ հիմա ներդրված չէ: Բացի այդ, չհիմնավորված եւ անարդյունավետ «բարեփոխումները», պետական պատվերի հետ կապված անվերջանալի եւ խորացող խնդիրները, առողջապահական համակարգի նկատմամբ հանրային ուժգնացող դժգոհությունները խառնաշփոթ են առաջացրել համակարգում:


Ի հավելումն այս ամենի` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում ձեւավորվել են լարված հարաբերություններ հենց կառավարող խմբի ներսում։ Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ի տարբերություն Ավանեսյանի, առողջապահության համակարգի հնաբնակներից է (նա առողջապահության նախարարությունում բաժնի պետ էր դեռեւս ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի նախարար եղած ժամանակ), շատ ավելի զգուշավոր բազմաթիվ հարցերում՝ քան Ավանեսյանը։ Լենա Նանուշյանն աստիճանաբար նվաճում է նախարարությունը՝ իր մտերիմներին տարբեր պաշտոնների նշանակելով եւ տարբեր մեթոդներով ազատվելով անձամբ իր նկատմամբ ոչ լոյալ տրամադրված կադրերից։ Այսպես, նա դեռեւս 2023 թվականին առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար նշանակեց իր ընկերուհուն՝ Ինեսսա Ասմանգուլյանին։ Նույն կառույցում բավականին մրցունակ աշխատավարձով տեղավորեց նաեւ մեկ այլ մտերիմի՝ Սեւիլյա Աբրահամյանին։ Գլոբալ հիմնադրամն այն հիմնադրամն է, որ միլիոնավոր դոլարների ծրագրեր է իրականացնում ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարում։ Ի դեպ, այս ոլորտում նախկինում երբեւէ գործունեություն չիրականացրած սույն տիկնանց նշանակման արդյունքում, չդիմանալով ստեղծված իրավիճակին, վերջին երկու տարիներին հերթով ազատման դիմումներ են գրել տասնյակ տարիներ շարունակ խմբում աշխատող բազմաթիվ ազնիվ պրոֆեսիոնալներ։

Նախարարության քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ 2020 թվականի տարեսկզբին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փորձառու տնօրեն Սամվել Գրիգորյանին եւ նրա պրոֆեսիոնալ թիմակիցներին ազատելը եղել է ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լենա Նանուշյանի նախաձեռնությունը։ Այսինքն` Լենա Նանուշյանն իր նշանակետերին հասել է այլոց ձեռքերով։ Նախարարությունում Նանուշյանի գործոնով են պայմանավորում նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից Արտավազդ Վանյանի հեռացումն ու նրան Ստեփան Աթոյանով փոխարինելը։

2023 թվականին Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում Նանուշյանի մեկ այլ մտերիմ նշանակվեց՝ Սամվել Խարազյանը։ Սամվել Խարազյանը նախկինում աշխատել էր ՊԱԳ-ում։ Ի դեպ, Խարազյանը փաստացիորեն նշանակվեց Ավանեսյանի ամենահավատարիմ կադրերից մեկի՝ Ահարոն Բարսեղյանի փոխարեն։ Իր մայրիկին պատկանող «Արֆարմացիայի» եւ «Ուիգմորի» նախկին ֆինանսիստ Ահարոն Բարսեղյանին պետական առողջապահական գործակալության պետ նշանակելով, այնուհետեւ նրան ապահովագրության ներդրման գործընթացում ներգրավելով՝ Ավանեսյանը, ըստ ամենայնի, հեռահար նպատակներ է ունեցել Բարսեղյանին հետագայում նշանակել ստեղծվելիք ապահովագրական հիմնադրամի ղեկավար։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել, եւ Բարսեղյանը, ի հեճուկս Ավանեսյանի, ստիպված եղավ 2024 թվականի գարնանն ազատվել իր պաշտոնից։
Լուրեր կան, որ Նանուշյանը Ահարոն Բարսեղյանին ապահովագրության ներդրման գործընթացում մասնակցությունից զրկելու համար ամեն ջանք գործադրում է՝ հետագայում Խարազյանին մի քանի հարյուր միլիարդ դրամ կապիտալ ունեցող հիմնադրամի ղեկավար կարգելու նպատակով։


Չպետք է մոռանալ, որ ապահովագրության ներդրման այսքան երկար ձգձգվող գործընթացն էլ պակաս եկամտաբեր գործ չէ այն ներդնողների համար։ Ավանեսյանը, կարծես, վերջապես հասկացել է, որ Նանուշյանն ու նրա թիմակիցները «թաքնված» պայքար են մղում իր դեմ։ Ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը հանկարծակի, անակնկալ կերպով մեկ օրվա ընթացքում հիմնավորապես փոխել է հոգեբուժարանների պետական պատվերի տրամադրման սկզբունքները, որն էականորեն նվազեցնելու էր հոգեբուժարանների ֆինանսավորումը՝ առաջացնելով աղետալի հետեւանքներ առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հոգեբուժական հաստատությունների համար։ Պարզվում է՝ հոգեբուժարանների ֆինանսավորման ձեւաչափի կտրուկ փոփոխությունը նախաձեռնել է պետական առողջապահական գործակալության ղեկավար կազմը Խարազյանի գլխավորությամբ՝ մանրամասն չտեղեկացնելով նախարարին, որ դրա արդյունքում հատկապես հոգեբուժարանների ֆինանսավորումն էականորեն նվազելու է։ Մամուլում հրապարակումներից հետո Ավանեսյանին իր հատուկենտ «հավատարիմները» գլխի են գցել, որ այդ «բարեփոխումը» կարող է դառնալ իր կարիերայի վերջին «բարեփոխումը», ինչից հետո վերջինս հրահանգել է վերադառնալ ֆինանսավորման նախկին մեխանիզմին։
Թե ինչով կավարտվեն այս «ներքին մարտերը», կապրենք՝ կտեսնենք:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով այս թեմաների վերաբերյալ:
Նախարարությունից արձագանքեցին. «Կադրերի նշանակումը իրականացնում է նախարարը՝ հաշվի առնելով ոլորտը համակարգող փոխնախարարի կողմից մասնագիտական որակների ներկայացումը եւ այլ հատկանիշներ: Բավական է նույն բամբասանքն ամեն շաբաթ վերարտադրեք: Ապահովագրության մասին կասեմ հետեւյալը. այդ ռեֆորմը ոչ թե լոկալ առողջապահական, այլ համապետական բարեփոխում է. ուստի մենք ամեն օր պատրաստվում ենք դրան` ամենայն մանրամասնությամբ եւ անհրաժեշտ լրամշակումներով», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ներքին անկայունության պայմաններում աշխատող նախարարությունից:»


 


 

Ավելին, քան իշխանափոխությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»