Եվրամիությունն արդեն պահանջում է Հայաստանից միանալ հակառուսական պատժամիջոցներին. Գալուզին
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Եվրամիությունն արդեն պահանջում է Հայաստանից քաղաքական հավատարմություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ փոխարենը Երևանին ոչինչ կոնկրետ չխոստանալով։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է <...> Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր տեսակի մերձեցման նախագծերի, մասնավորապես՝ անվիզա ռեժիմի շուրջ բանակցությունների սկսման հարցին, ապա այո, այդպիսի բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, քանի որ, առանց հատուկ խոստումներ տալու և անվիզա հարաբերությունների հարցում լուրջ որոշումներ ընդունելու, արդեն պահանջում է Հայաստանից քաղաքական հավատարմություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին»,- նշել է նա։
ԱԳՆ փոխնախարարը նաև հիշեցրել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությունում և Եվրոպական միությունում միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ «Դրանք բացարձակապես տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակյա գտնվելը պարզապես անհնար է»,- ընդգծել է Գալուզինը՝ ավելացնելով, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «զգալի և կշռելի երկարաժամկետ օգուտներ առևտրի աճի և ներդրումների աճի տեսքով»։
Հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին որոշման նախագծին, այժմ այն կքննարկի խորհրդարանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա չի նշանակի Երևանի ավտոմատ միացում համայնքին, քանի որ այս հարցը պահանջում է հանրաքվեի դնել։ Իր հերթին, հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացատրել է, որ այս թեմայով օրինագիծը հասարակական նախաձեռնություն էր, որը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ։