5.02.2025
Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանին առաջարկում ենք բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան. Փաշինյան

Լուսանկարը ՝ ՀՀ կառավարության սոցիալական ցանցեր
Լուսանկարը ՝ ՀՀ կառավարության սոցիալական ցանցեր

Ադրբեջանին առաջարկում ենք բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։ Ատլանտյան խորհրդում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։


«Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ի մասով համաձայնության եք հասել։ 2-ի մասով դեռ ոչ։ Լինելով անկեղծ, բայց պահպանելով դիվանագիտական էթիկան, կարծում եմ` բանակցությունները դեռ երկար կտևեն, եթե Բաքվի իշխանությունները հետաքրքրված չլինեն մի խաղաղությամբ, որը հաղթանակ կլինի երկու կողմերի համար, ինչպես հարցին մոտենում է Ձեր Կառավարությունը։ Խնդրում եմ խոսեք այդ երկու կետերի մասին, որոնց շուրջ դեռ պետք է հասնել համաձայնության և համաձայնության հասնելու հեռանկարների մասին։


Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։


Մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին։ Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։


Եթե նկատեցիք, սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։


Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար։


Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Դուք նույնպես ընդունում եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Այդ նպատակին հասնելու համար ակնհայտ առաջընթաց է գրանցվել, բայց այն դեռևս չի իրագործվել։ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպիսի հեռանկարներ կան։


Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի»։

Խորապես վշտացած եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից․ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից