5.02.2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ․ Կոպիրկին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի ընկերոջ՝ թիմակից Էդմոն Մարուքյանի կնոջը՝ Տաթեւ Մատինյանին, ազատել է աշխատանքից: Վերջինս 2023 թվականին, երբ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի «պատվավոր» պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որը 2023 թվականին էր հիմնադրվել:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց Փաշինյանի հրահանգով Տաթեւ Մատինյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:


Պատճառն էլ Փաշինյանի մշտական համախոհ Մարուքյանի՝ վերջին շրջանի հակաճառություններն ու ընդվզումներն են իշխանությունների հայտարարությունների ու որոշումների դեմ:


Կարելի է ասել՝ Փաշինյանը կնոջ միջոցով պատժել է Մարուքյանին:


Հիշեցնենք նաեւ, որ Տաթեւ Մատինյանը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահն է, որը երբեմն խոսքի ազատությունը սահմանափակող նախագծերով է փորձում հանդես գալ»:


«Հրապարակ» թերթը գրում է.


«Պարզվում է՝ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, տարիներ առաջ լքել է Դաշնակցության շարքերը եւ նույնպես պատրաստվում է անդամակցել հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությանը՝ ՄԱՍԿ-ին, ինչպես իր կրտսեր եղբայրը` Հովսեփ Աղազարյանը, որը ՔՊ-ից օրեր առաջ հեռանալու դիմում է գրել։


Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ որդիներից ավագը դառնալու է կուսակցության վարչության անդամ, եւ շեշտել, որ ավագ որդին Դաշնակցությունից հեռացել է իր խնդրանքով․ «Երբ որ Դաշնակցությունը հեղափոխությունից հետո դուրս եկավ կոալիցիայից, մենք՝ որպես մի ընտանիք, նստեցինք եւ խորհրդակցեցինք, թե ինչ պետք է անել։ Ես ասացի, որ կա՛մ ես պետք է դուրս գամ ՔՊ-ից, կա՛մ ինքը` ՀՅԴ-ից, որովհետեւ այդպես չի կարող լինել: Երբ կոալիցիա էին, դա փոխում էր իրավիճակը, հիմա, երբ քաղաքական տարբեր բարիկադների վրա ենք, կամա թե ակամա, մեր ընտանեկան զրույցները կարող են վերաճել մի իրողության, որ դիսկոմֆորտի զգացում կարող է առաջացնել, հետեւաբար՝ որոշում կայացրինք, որ տղաս պետք է դուրս գա ՀՅԴ-ից»»:


 

Լուսանկարը ՝ ՀՀ կառավարության սոցիալական ցանցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից