Կարսում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հեռանկարների քննարկմանը։
Ինչպես հաղորդում է radyoyanki.com-ը, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, Թուրքիայի ԱԳՆ Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Այշե Ուզերը, ինչպես նաև արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ Արիֆ Էքմեքչին և Օնդեր Աքգյունը։ Նրանց են միացել Կարսի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչության նախագահ Կադիր Բոզանը և ժողովի նախագահ Իդրիս Աջայը։
Քննարկման հիմնական թեման է դարձել Կարսի նահանգի Աքյաքա շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արևելյան դարպասներ» սահմանային անցակետի հնարավոր բացումը։ Հանդիպման մասնակիցները մանրամասն գնահատել են այս քայլի ազդեցությունը տարածաշրջանի բնակիչների վրա, ինչպես նաև դրա հնարավոր ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։
Դեսպան Սերդար Քըլըչը նշել է, որ սահմանի բացումը կարևոր փուլ կդառնա Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով, այս քայլը զգալի օգուտներ կբերի ոչ միայն Կարսին, այլև ողջ տարածաշրջանին՝ նպաստելով տարածաշրջանային կապերի և միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կադիր Բոզանը վստահություն է հայտնել, որ «Արևելյան դարպասների» բացումը կհանգեցնի առևտրի աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսական ներուժի ուժեղացման։ Նա ընդգծել է, որ այս քայլը կամրապնդի Կարսի դիրքերը որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային հանգույց և զգալի ներդրում կունենա տնտեսության և սոցիալական կյանքի զարգացման մեջ։
Հանդիպումն ավարտվել է գաղափարների ակտիվ փոխանակմամբ և տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված հեռանկարների քննարկմամբ։ Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանային համագործակցությանը և կայուն զարգացմանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2022 թվականի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։
2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում Ռուբինյանը և Քըլըչը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի հատման հնարավորություն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերի տերերի համար։ Սակայն մինչ օրս այս պայմանավորվածությունները չեն իրականացվել։
Միևնույն ժամանակ 2024 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետի բացման համար կարիքների գնահատումը։ Ինչպես հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, չնայած երկաթուղային հաղորդակցության գործարկման վերաբերյալ քաղաքական պայմանավորվածությունների բացակայությանը, կողմերը կառուցողական քննարկում են անցկացրել տեխնիկական հարցերի շուրջ։
Զուգահեռաբար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ադրբեջանին երկաթուղային հաղորդակցության վերսկսման վերաբերյալ գրավոր առաջարկներ ուղարկելու մասին։ Նրա խոսքով, Բաքվից դրական պատասխան ստանալուց հետո կողմերը կկարողանան օպերատիվ կերպով ստորագրել համաձայնագիր և սկսել շինարարական աշխատանքները։
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը դիտարկվում է որպես հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի զարգացման առանցքային տարր։