21.01.2025
ՀՀ-ն հույս ունի, որ ՌԴ-ն կխուսափի միակողմանի մեկնաբանություններից. Միրզոյանը՝ Լավրովին
prev Նախորդ նորություն

Ֆոնդերի ներդրումների սահմանափակումների մեղմելը կընդլայնի ներդրումների հնարավորությունները

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ գործում է կուտակային համակարգը, եւ նկատում ենք անընդհատ մեծ աճ եւ ակտիվություն այս համակարգում: Միաժամանակ տեսնում ենք կարիք, որպեսզի որոշակի հարցերում ավելի մեծ հնարավորություններ տանք մեր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ կատարելու համար:


Նախագիծը մի քանի հարց է լուծում: Առաջին փոփոխությամբ ամբողջությամբ առաջարկվում է վերացնել որեւէ թղթային հաղորդակցություն կուտակային ֆոնդերի եւ մասնակիցների միջեւ: Նախագծի ընդունման արդյունքում ծանուցումներն իրականացվելու են էլեկտրոնային եղանակով: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Ակնկալվում է, որ ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները: Հնարավորություն կստեղծվի, որպեսզի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղվեն տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Միջազգային կազմակերպությունների եւ այլ հեղինակավոր գործընկերների հետ ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը, որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների եւ ռիսկերի ցուցանիշների վրա:


Ըստ Կենտրոնական բանկի հաշվարկների՝ բաժնային արժեթղթերում ներդրումները 25 տոկոսից 35 տոկոս մեծացնելու արդյունքում հնարավոր կլինի ավելացնել սպասվող միջին եկամտաբերությունը:


Արմեն Նուրբեկյանի տեղեկացմամբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում, ինչը նախատեսվում է նախագծով, ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով եւ կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ եւ ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման եւ զարգացման գործում:


Պատգամավորները կարեւորել են կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկման արշավների իրականացումը:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է՝ բանկային քաղվածքում նշվող թիվը նաեւ պետությա՞ն կողմից ավելացվող մասնաբաժնով է, թե՝ ոչ:


«Երբ Դուք ձեր բանկային քաղվածքում թիվ եք տեսնում, դա այդ պահին ունեցած ամբողջական գումարն է, որը պարունակում է Ձեր ներդրումներն աշխատավարձից, պետության, ինչպես նաեւ արդեն գեներացված եկամուտը: Հիշեցնեմ, որ մեկ տրիլիոն դրամից մոտավորապես 250 միլիարդ դրամը գեներացված եկամուտ է, որը մեր քաղաքացիների համար աշխատել են կուտակային ֆոնդերը»,-պարզաբանել է Արմեն Նուրբեկյանը:


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում կիրականացվեն իրազեկման արշավներ մարզերում:

ՀՀ-ն չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն. ԱԺ նախագահ
Հաջորդ նորություն next